211652_close_icon
views-count2023 դիտում article-date 23:00 08-04-2014

Ե՞րբ է մարդուն թվում, թե ինքն անմահ է

Հեքիաթային կղզում հայտնվելով, Ոդիսևսը մերժեց Կալիպսոյի առաջարկած անմահությունը և գերադասեց ապրել մահկանացուի կյանքով, իր կնոջ ու որդու հետ, իր հայրենիքում: Սա արտառոց երևույթ է, որովհետև մարդկության պատմության մեջ գրեթե բոլոր կրոնները կարևորել են անմահությունը, իսկ Ոդիսևսը մերժեց Կալիպսոյի առաջարկը: Անմահությունը կարևորվել է, որովհետև կյանքը համարվել է շատ թանկ բան: Միաժամանակ բոլորն ունեն կյանքի վերջավորության մասին գիտակցումը: Այդ պատճառով մարդը ձգտել է կյանքը դարձնել անվերջ, և ի հայտ է եկել անմահության ձգտումը: Սակայն այդ ձգտումը էլ ավելի է արժևորել կյանքը: Ոդիսևսի կողմից անմահության հրաժարման դրվագն իր մեջ ունի մեկ այլ խորհուրդ: Հրաժարվելով անմահությունից Ոդիսևսը կարևորել է հայրենիքում ընտանիքի հետ կարճատև կյանքը: Այսինքն հայրենիքում ընտանիքի հետ միասին լինելը շատ ավելի արժեքավոր է գնահատվել, նույնիսկ անմահությունից թանկ: Ընտանիքը համարվում է հասարակության հիմքը շատ հասարակություններում: Ընտանիքի առկայությունը վկայում է մարդու առողջության, ինչպես նաև, հաջողության մասին: Այսինքն, ինչքան ամուր և երջանիկ է ընտանիքը, այնքան հաջողակ է մարդը: Եթե մարդու ընտանիքն ամուր չէ, ապա նրան չեն վստահում քաղաքական կամ տնտեսական բարձր պաշտոններ, որովհետև համարվում է, որ նա չունի կամք, վճռականություն, ինչպես նաև՝ չունի իր սիրելիների նկատմամբ հոգատարության զգացում և բարոյական չէ: Ընտանիքը աշխատասիրության ու կենսասիրության մեծ էներգիա է հաղորդում մարդուն: Երբ ընտանիքը երջանիկ է, ապա այդ էներգիան այնքան մեծ է, որ մարդը մոռանում է մահվան մասին, և նրան թվում է, թե անմահ է: Ահա այսպես է բացատրվում այն պարադոքսը, թե ինչու է Ոդիսևսը մերժում Կալիպսոյի առաջարկը: Այսինքն ընտանիքը մարդուն տալիս է անմահությանը հավասար բերկրանք: Ընտանիքը նաև կարգավորում է մարդու վարքն ու երազանքները: Դրանք դառնում են նպատակաուղղված, ողջամիտ, և հիմքում ունենալով գործնականության պարտադիր բաղադրիչը: Եվ դա օրինաչափ է, որովհետև ամուսնացած մարդն ավելի հավասարակշռված է և ակամա մերժում է անհեռանկար և անտրամաբանական առաջարկներն ու նախաձեռնությունները: Ընտանիքի քայքայումը մեկ կամ երկու մարդու ողբերգություն չէ միայն, այլ սոցիալական աղետ, որովհետև ընտանիք չունեցող մարդn ակամա չարանում է, կորցնում աշխատասիրությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, երբեմն կորցնում է բարոյական նկարագիրը և մարդկային դեմքը: Այնպես որ, ընտանիքի կարևորության գիտակցում ունեցող մարդը պիտի մերժեր անմահության առաջարկը, ինչպես նաև՝ արտագաղթի քողի տակ արտագնա աշխատանքի առաջարկը, նույնիսկ եթե այն շոշափելի եկամուտներ է բերելու: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր