Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրականություն կդարձնի՞ երևանցիներիս ցանկությունը
Բաց նամակ Երևանի քաղաքապետ,Տարոն Մարգարյանին՝ «Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպությունից.
«ՀՀ կինոյի և թատրոնի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանն այսօր, ցավոք, մեզ հետ չէ:
Հաշվի առնելով նրա թողած մշակութային մեծ ավանդը, ժողովրդի սերն ու ակնածանքը նրա մեծության հանդեպ՝ ցանկանում ենք, որ Երևան քաղաքում տեղադրվի Կիմ Երիցյանի արձանը: Այս կապակցությամբ 11.10.2013-ին տեղի է ունեցել հանրային նիստ, որում քննարկվել է Կիմ Երիցյանի արձանի տեղադրման և տարածքի հարցը: Արդյունքում հանրային խորհրդի պատասխանը եղել է դրական: Արձանի տեղադրման վայրի համար դիմել ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Սակայն քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստական հանձնաժողովի նախագահ Լևոն Իգիթյանը դրական չի արձագանքել, այսինքն՝ ստացել ենք բացասական պատասխան: Այդուհանդերձ, հուսով ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվերանայի այս հարցը և կկարևորի մեր նախաձեռնությունը՝ տալով դրական պատասխան: Հիշեցնենք, որ մեզ ընդամենը պետք է տարածք Երևանի կենտրոնական պուրակներից մեկում՝ մեծ արվեստագետի արձանը տեղադրելու համար: Հուսով ենք, որ մեր դիմումն անարձագանք չի մնա և Երևան քաղաքում կգտնվի մի հատված, որտեղ կկանգնեցնենք Կիմ Երիցյանի արձանը:
Սա մի նախաձեռնություն է, որը պետությունից ֆինանսավորում չի պահանջում: Այստեղ պահանջվում է յուրաքանչյուր ազգասերի, հայ մարդու հիմնավորված արձագանք: Կարծում ենք, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար սա նույնպես կարևոր է, հայ մշակույթի արժեքները պահպանելու գործում էլ շատ կարևոր նախաձեռնություն: Յուրաքանչյուրիդ արձագանքը, յուրաքանչյուրիդ ձայնը կարող է որոշիչ լինել: Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է:
Սպասում ենք արձագանքների»: