211652_close_icon
views-count1240 դիտում article-date 22:18 02-04-2014

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զինծառայող կանանց և բազմազավակ մայրերի հետ

Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հանդիպել է ՊՆ համակարգի լավագույն կին զինծառայողների և բազմազավակ մայրերի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Հանդիպումը, պաշտպանության նախարարի բնորոշմամբ, փորձ էր անկեղծ զրուցել կանանց հետ բանակաշինության, ձեռքբերումների, խնդիրների մասին, դրանց նայել կնոջ աչքերով, ծավալել անկեղծ ու անմիջական երկխոսություն, ինչպես նաև քննարկել ծառայողական և անձնական բնույթի հարցեր: Սեյրան Օհանյանն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ հայ կինը եղել ու մնում է հայրենիքի ուժի, պաշտպանվածության և հուսալի ապագայի ամենակարևոր երաշխավորը, քանի որ հայ կինն է ծնում և դաստիարակում հայրենիքի ապագա զինվորին, շինարարին ու նախարարին, հայ կինն է վառ պահում օջախի կրակը, և վտանգի պահին հայ կինն է զենք առնում ու կանգնում հայրենիքը թշնամուց պաշտպանող հայորդու կողքին: Հայոց բանակի կազմավորման տարիներին էլ հայ կինն իր մեջ ուժ է գտել զինվորանալու, կրելու ուսադիրների ամբողջ ծանրությունը և իր ներկայությամբ զորություն, բարություն, հանդուրժողականություն, սեր ու քնքշանք տարածելու զինված ուժերում: Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում քննարկվել և իրենց լուծումն են գտել կին զինծառայողներին և բազմազավակ մայրերին մտահոգող բազմազան հարցեր ու խնդիրներ: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ նման անմիջական երկխոսությունը այսուհետ կդառնա պարբերական և կընդգրկի ավելի մեծ ծավալներ: ՀՀ պաշտպանության նախարարը անակնկալ նվեր է մատուցել հանդիպմանը մասնակցող բազմազավակ այն մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են զինված ուժերում: Բազմազավակ մայրերի զինվոր որդիներին շնորհվել է 10-օրյա խրախուսական արձակուրդ:

Նմանատիպ նյութեր