2276 դիտում
14:35 02-04-2014
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Երևանի քաղաքապետարանի թիվ 17 և 4 պոլիկլինիկաներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային շրջայց կատարեց Երևանի քաղաքապետարանի թիվ 17 և 4 պոլիկլինիկաներում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, զրուցեց այցելուների և բժիշկների հետ։ |
Թիվ 17 պոլիկլինիկայում առաջնային բուժօգնություն է ստանում 43 հազար բնակիչ, որից մոտ 8 հազարը մանուկներ են։ Իսկ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետն իրականացնում է Կենտրոն վարչական շրջանի տուբերկուլոզով հիվանդների բուժում և հսկողություն։ Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես է կազմակերպվում անվճար դեղերի տրամադրումը, ինչ դեղեր են գնվում պոլիկլինիկայի կողմից։ Ի դեպ, թե՛ այցելուները, թե՛ բժիշկները նախարարին իրենց գոհունակությունը հայտնեցին անվճար տրամադրվող հակադիաբետիկ դեղերի ժամանակին հատկացման առթիվ։
Բժիշկների հետ հանդիպման ժամանակ թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը նախարարին ներկայացրեց հաճախումների արդյունքներն ու վերլուծությունը` տեղեկացնելով, որ այցելուների շրջանում նկատվում է շաքարային դիաբետի, ուռուցքային, գինեկոլոգիական հիվանդությունների, նևրոզների աճ։
«Ցավոք, այսօր քաղաքային մեր պոլիկլինիկաներն ավելի շատ հիվանդանոց ուղեգրվելու վայր է ընկալվում։ Մարդիկ դեղորայքն առանց դեղատոմսի ձեռք են բերում դեղատներից, խնդիրներ ունենալու դեպքում էլ նախընտրում են շտապօգնություն զանգահարել, որովհետև որոշակի ծառայություն են ստանում։ Արդյունքում, շտապբուժօգնության կանչերը 2013-ին նախորդ տարվա համեմատությամբ 23 հազարով ավելացել են, հիվանդանոցային թանկարժեք մահճակալները ծանրաբեռնվում են, իսկ պոլիկլինիկաների հաճախումները` նվազում։ Ինձ խիստ մտահոգում է, որ այս օղակը ետ է մնում։ Միասին փորձենք ճանապարհներ գտնել։ Ի՞նչ անենք, որ պոլիկլինիկաները նախկինի պես հրապուրիչ լինեն, որ վերականգնվի ազգաբնակչության առողջության պահպանման հիմնական օղակի բուն գործառույթը»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Տարիներ առաջ այս պոլիկլինիկայում է սկսվել ընտանեկան բժիշկների պատրաստման առաջին ծրագիրը։ Հետագայում այդ մասնագետներից շատերն իրենք են կադրեր պատրաստել։ Ֆինանսավորման գործող մեխանիզմով ընտանեկան բժիշկները զգալի բարձր են վարձատրվում, սակայն պոլիկլինիկայի տեղամասային 37 բժշկից միայն 5-ն է աշխատում որպես ընտանեկան բժիշկ։
«Ընտանեկան բժշկի ինստիտուտը հրաշալի գործում է հանրապետության 900-ից ավելի գյուղական բնակավայրերում։ Հատուկ վերապատրաստում անցած մասնագետները հաջողությամբ իրականացնում են իրենց բոլոր գործառույթները և շատերը մինչև 300 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Ինչպես անենք, որ ընտանեկան բժշկի անկախ գրասենյակներ գործեն նաև մայրաքաղաքում»,-նշեց նախարարը։
Նա հորդորեց այս առթիվ առաջարկներ ներկայացնել։ Նախարարը նաև տեղեկացրեց, թե ինչ ծրագրերի շնորհիվ են անցած տարի արձանագրվել մանկական և մայրական մահացության աննախադեպ ցածր ցուցանիշները։ Միաժամանակ շեշտեց, որ յուրաքանչյուր օղակի խնդիրն է ամեն ինչ անել ձեռք բերվածը պահպանելու և ավելի բարելավելու գործում։ Այստեղ կարևորվեց հատկապես առաջնային օղակում իրականացվող իմունականխարգելման ծրագիրը։
Բժիշկներն էլ իրենց հերթին առաջարկեցին խրախուսման մեխանիզմներ ներդնել՝ մանկաբուժության ոլորտում հաշվի առնելով թե՛ բուժման վերջնական դրական ելքերը, թե՛ կանխարգելիչ աշխատանքների ծավալները։
Դերենիկ Դումանյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունում քննարկման փուլում է նախարարությունում մշակված պոլիկլինիկական ծառայության օրինակելի մոդելը։
«Հետզհետե նոր քայլեր կձեռնարկենք, որ վերականգնենք առաջնային օղակի բժշկի հանդեպ եղած երբեմնի հարգանքն ու վստահությունը, և մարդիկ չշրջանցեն այս ծառայությունը։ Պիտի ձգտենք, որ բժիշկն իր աշխատանքին համապատասխան վարձատրվի։ Այդ ժամանակ էլ ես որպես նախարար ինձ բավարարված կզգամ»։
Դերենիկ Դումանյանը նաև ասաց, որ նախարարությունում քննարկվում է ընտանեկան կամ տեղամասային բժշկի մոտ դեղորայքի որոշակի պաշար ունենալու հարցը։
«Բժիշկը կանչի գնա բուժքրոջ հետ՝ դեղերի փոքրիկ պայուսակով և անհրաժեշտության դեպքում ներարկում կատարի, կարող է նաև մի քանի դեղահաբ թողնել հիվանդի մոտ։ Նույն ծառայությունը կարելի է մատուցել նաև այցերի դեպքում։ Այս քայլով մենք մի կողմից կկանխենք շտապօգնության անհարկի կանչերը, մյուս կողմից պոլիկլինիկական ծառայությունն առավել գրավիչ կդարձնենք»,-ասաց նա։
Ներկայացված գաղափարը մասնագետները գոհունակությամբ ընդունեցին։
Այնուհետև Դերենիկ Դումանյանը եղավ Երևանի քաղաքապետարանի թիվ 4 պոլիկլինիկայում, շրջեց շատ կաբինետներում, զրուցեց բժիշկների և այցելուների հետ։
Նախարարն այցելեց նաև Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, ծանոթացավ վերջին տարիներին ներդրված բուժման և վիրահատական ժամանակակից ծառայություններին ու մեթոդներին ։
Նմանատիպ նյութեր
1390 դիտում
19:18 19-07-2024
Վարչապետը ծանոթացել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության աշխատանքային պայմաններին
1407 դիտում
23:38 27-10-2022
Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Գավառի մանկատուն, ծանոթացել մանկատան պայմաններին
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը