10.000 վոլտից էլեկտրահարված տղամարդն ապրում է կես գլխով, մեկ թևով․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Չեմ կարող խոսել, քուր ջան, դիմել եմ բժշկի, օգուտ չի տվել, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, 10.000 վոլտ է խփել ինձ»,- հազվիվհազ արտաբերում է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Անդրանիկ Խաչատրյանը՝ հիշելով, թե ինչպես տարիներ առաջ հաշմանդամ դարձավ, և հիմա՝ կնոջ մահից հետո, որդիներն են խնամում հորը՝ ճաշ եփում, լողացնում, մաքրում, լվացք անում:
«Ժամանակի» հետ զրույցում 24-ամյա Խաչատուր Խաչատրյանը՝ տան ավագ որդին, նշեց, որ հոր թոշակը 25. 000 դրամ է կազմում, դրանով հազիվ կարողանում են վճարել ծախսած էլեկտրաէներգիայի եւ գազի գումարը, մնում է տանը 5000 դրամ։
Այս տարի 500.000 դրամ վարկ են վերցրել, որ մոր մահվան առաջին տարին և Զատիկն անեն, իսկ թե ինչպես պետք է վերադարձնեն՝ պարզ չէ:
Պատկերը էլ ավելի սարսափազդու դարձավ, երբ Անդրանիկը գլխարկը հանեց. գլխի մի մասը, մեկ թևը ընդհանրապես չկա:
«Հոսանքը զարկել է 78 թվին: Իմ տղեն ու ինքը գնում են սարը, ոտքի տակ չի տեսնում պրովուրդը, երեխա էին, անցել է պրովուդի տակով, ձեռքը կտրել գցել է, ես վազեցի, քաշեցի ու հանեցի էդ պրովուդի տակից: Էդ հարածից այրվածքներ են մարմին, տարան անգամ Մոսկվա, օգուտ չտվեց»,- պատմեց հարևան Ժորա Բադալյանը:
Անդրանիկի երկու որդիները հայրենիքի հանդեպ պարտքը կատարել են, ծառայել են Ղարաբաղում, ծառայությունից վերադարձել են եւ հիմա հորն են խնամում:
Որդիները խոստովանում են, որ կուզեին ամուսնանալ, ընտանիք կազմել, բայց այս պայմաններում ինչպե՞ս ամուսնանան, երբ տանն առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։