1275 դիտում
17:49 31-03-2014
Բնապահպանության նախարարությունը մերժել է տրամադրել շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տեղեկատվությունը. ՀԲՃ
Մինչև ս.թ. մարտի 26-ը ՀՀ բնապահպանության նախարարությունը առանց որևէ խնդրի տրամադրում էր իր կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների պատճենները՝ պաշտոնական հարցումներ ստանալու դեպքում: Սակայն, զարմանալիորեն, Համահայկական բնապահպանական ճակատի՝ մարտի 12-ի պաշտոնական նմանատիպ հարցմանն ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Լեռ-Էքս» ՍՊ, «Մեգաէներջի» ՍՊ, «ԳԱՀԱ էներջի» ՍՊ ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունների պատճեները տրամադրվել չեն կարող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դրույթին համապատասխան, համաձայն որի՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:
Քանի որ պատասխանի մեջ նշված չէ գաղտնիքի կոնկրետ տեսակը, կարող ենք միայն ենթադրել, թե ինչ «գաղտնիքներ» են սկսել իրենց մեջ պարունակել ջրօգտագործման թույլտվությունները 2014թ.-ի մարտի 26-ից սկսած: Բնապահպանության նախարարությանը հայտնում ենք, որ մենք դատական կարգով կվերականգնենք մեր խախտված իրավունքները, իսկ մինչ այդ փաստում ենք հետևյալը.
1. Խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված 5-օրյա ժամկետը, որի ընթացքում դիմողին է տրվում հարցումի մեջ նշված պատճենը (մեր հարցմանը պատասխանվել է միայն 14 օր անց),
2. Խախտվել է շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիությունը,
3. Ջրօգտագործման թույլտվությունը հանդիսանում է շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող բազմատեսակ գործունեություններ սկսելու և իրականացնելու կարևորագույն փաստաթղթերից մեկը, ինչը, բնականաբար պետք է հասանելի լինի հանրությանը՝ այդ գործունեության բոլոր փուլերում,
4. Ընդհանրապես պատասխան չի տրվել մեր հարցման 2-րդ մասին, որով մենք նաև խնդրել էինք նախարարության պաշտոնական կայքում տեղադրել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ջրօգտագործման թույլտվությունների մասին 2012-2014թթ տեղեկանքները:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»