1634 դիտում
10:19 31-03-2014
Սիրիա այցելած ԱԺ պատգամավորական խմբի հայտարարությունը
ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Սամվել Ֆարմանյանը մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելեցին Սիրիայի արաբական հանրապետություն՝ հանդիպելու Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից: Պատգամավորական խումբը հանդիպումներ ունեցավ նաև Սիրիայի աշխարհիկ ու հոգևոր բարձրագույն իշխանությունների հետ: Այցելությունը, ինչպես և դրան նախորդած քաղաքական հայտարարությունը, արագ արձագանք էր ստեղծված իրավիճակին՝ արձանագրելու, որ հայության որևէ հատվածի խնդիր նաև Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության խնդիրն է:
Պատգամավորական խումբը տեղում ծանոթացավ ստեղծված ցավալի իրավիճակին, քեսաբահայ մեր քույրերին ու եղբայրներին փոխանցեց Հայաստանի Հանրապետության զորակցությունն ու նրանց կողքին լինելու պատրաստակամությունը, Սիրիայի իշխանությունների հետ մտքեր փոխանակեց սիրիական ճգնաժամի և դրա արդյունքում ողբերգական իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների ապագայի վերաբերյալ: Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաև Արամ Ա Կաթողիկոսի և Լիբանանի խորհրդարանի հայազգի գործընկերների հետ՝ քննարկելու սիրիահայության վիճակը:
Պատգամավորական խումբը փաստահավաք առաքելության արդյունքները ներկայացրել է ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և կառավարությանը: Բացի փաստական, վիճակագրական և այլ տվյալներից, այն ներառում է նաև խմբի կողմից մշակված առանձին առաջարկություններ, որոնք, լրացուցիչ քննարկումներից հետո կարող են կյանքի կոչվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասարակական ու համազգային խողովակներով:
Պատգամավորական խումբն արձանագրում է, որ քեսաբահայության համար ստեղծված ողբերգական այս իրավիճակում նրանց ցուցաբերված հնարավոր ցանկացած աջակցություն՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, բարոյական, նյութական թե ոչ նյութական, այսօր պահանջված է, իսկ արագ արձագանքման կարևորությունը` շատ ավելի էական, քան քաղաքական ու արարողակարգային հնարավոր տարատեսակ ենթադրություններն ու երկրորդական մտահոգությունները:
Պատգամավորական խումբն իր երախտագիտությունն ու աջակցությունն է հայտնում Սիրիայի արաբական հանրապետությունում աշխատող մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ դեսպան Արշակ Փոլադյանի ղեկավարությամբ, ովքեր պատերազմական պայմաններում, վտանգելով սեփական կյանքը, շարունակում են իրենց ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը: Խումբն իր հատուկ երախտագիտությունն է հայտնում նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին՝ Սիրիա այցելությանն առնչվող ֆինանսական բոլոր ծախսերը հոգալու համար:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
19:48 27-11-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
924 դիտում
15:57 27-10-2014
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած փորձագետների հետ
Այս բաժնից
859 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին