1591 դիտում
18:42 28-03-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի, ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման, արտաքին կապերի և զարգացման վարչություններում, հետաքրքրվել նախարարության ընթացիկ աշխատանքներով ու ծրագրերով, ծանոթացել այդ գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, դրանց շրջանակներում իրականացվող աշխատանքների և առկա խնդիրների մասին։
Շրջայցից հետո, Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, ներկայացրել են էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում 2011-2013թթ. իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշներն ու զարգացման ռազմավարությունը:
Նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը զեկուցել է էլեկտրաէներգետիկայի, բնական գազի և ընդերքարդյունահանման ոլորտներում արտադրված ապրանքի և վճարված հարկերի ցուցանիշները, ներկայացրել նաև Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրով նախատեսված՝ էներգետիկայի ոլորտին վերաբերվող աշխատանքների կատարման ընթացքը, ինչպես նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում ընթացող աշխատանքների արդյունքները:
Նախարարի մեկ այլ տեղակալ Արեգ Գալստյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ատոմային էներգետիկայի, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության ապահովման և շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերը, տարածաշրջանային ինտեգրման և միջազգային համագործակցության հարցերը, միջազգային պայմանագրերի, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ աշխատանքը:
Նախարարի տեղակալներից Արա Սիմոնյանը զեկուցել է էներգահամակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքներն ու ընթացքը:
Նախարարի մյուս տեղակալը՝ Լևոն Շահվերդյանը, ներկայացրել է էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և գազամատակարարման ոլորտների շահագործման, անվտանգության, հուսալիության ու ռեժիմների օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը Նախագահին ներկայացրել է 2011-2013թթ. հիմնական ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների արդյունքները:
Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել նախարարության գործունեության գերակա ուղղությունների և առաջիկա անելիքների մասին: Նախագահը կարևորել է աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերը. «Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է: Իհարկե, շատ լավ որոշում է ատոմակայանի նոր բլոկ կառուցելը, բայց լավ որոշում ունենալը գործի կեսն է միայն: Մենք պետք է կարողանանք ընդունված այդ որոշման մասին գրագետ և ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարևորությունը: Եթե մենք այսքանը չենք ապահովում, ապա բարդությունների առաջ ենք կանգնում։ Բերեմ կոնկրետ մեկ օրինակ. տեսեք՝ այսօր գազի գինը բոլորիս՝ ինձ էլ, մեր բոլոր քաղաքացիներին էլ, մտահոգում է, չէ՞: Եվ այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս: Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ-որ նախկինում էր: Ավելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաև արտերկրյա գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիությունը և գինը, արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին: Արդեն ունենք այդպիսի օրինակներ: Նրանք անգամ համարում են, որ կարող են այստեղից իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանել նաև Մաքսային միության այլ երկրներ: Սա, իհարկե, շատ լավ է, բայց կա նաև երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում: Մենք պետք է խոսենք, հասկանո՞ւմ եք, սա մեր աշխատանքն է: Այս նախարարության աշխատանքն է նաև: Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում հասցնում են դրան: Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք և այլն, վաղը, մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել: Այնպես եմ հասկանում, որ այստեղ նստած յուրաքանչյուրն ինձնից շատ լավ գիտի, թե ինչ է այդ ամենը նշանակում և նույնքան լավ գիտի, թե դեկտեմբերի 30, 31, 1-ին ի՞նչ քանակությամբ գազ և էլեկտրաէներգիա ենք օգտագործում, որը մի քանի անգամ գերազանցում է սովորական օրերի միջին ծախսը: Բայց որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք: 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել: Ես ուրախ եմ, որ այս հարցով նաև Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես նախարարության գործունեության ոլորտներին, սոցիալական բնույթի խնդիրների, այնպես էլ հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը:
Խորհրդակցության ավարտին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը, զարգացման վարչության պետ Հրաչիկ Ծուղունյանը, քարտուղարության պետ Անահիտ Մարգարյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Սարգսյանը և արտաքին կապերի վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
19:04 24-01-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ
1201 դիտում
18:25 21-02-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ
3300 դիտում
19:57 01-04-2014
ՄԻՊ-ը հրապարակել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը
Այս բաժնից
493 դիտում
20:30 11-12-2024
Գագիկ Ծառուկյանը դիվանագետների և փորձագետների հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
487 դիտում
20:17 11-12-2024
ԵԽԽՎ-ն Հայաստանը դիտարկել է մարդու իրավունքների կարևոր հարցերը քննարկելու համար հարթակ