211652_close_icon

Գեներալ Մանվել Գրիգորյանը անգամ վրանի տակ է ապրել, քանի որ նա մարդկանցից պատնեշվելու, առանձնանալու խնդիր չունի

views-count8096 դիտում article-date 14:21 21-03-2014
Վերջերս վերլուծական հոդվածի ձեւով ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գործունեությանը անդրադարձ կատարվեց, որտեղ բարձրացված հարցերի շուրջ տեղ էին գտել հեղինակի գնահատականները:[b] SHAMSHYAN.com[/b]-ը այդ ուշագրավ հարցերից մի քանիսն ուղղեց հենց Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանին: [b]-Օրինակ, հարց է բարձրացվում, որ ԵԿՄ-ն եղավ Մանվել Գրիգորյանի «գրաված» վերջին տարածքը, քանի որ նրա ղեկավարությամբ ԵԿՄ-ն վերածվեց կիսաանեկդոտային, անատամ, իշխանության կցորդ կառույցի, որից աստիճանաբար հեռացան իսկական երկրապահները` տեղերը զիջելով ասֆալտի ֆիդայիններին: [/b] -Ասացիք՝ հոդվածի հեղինակի գնահատականները: Իսկ ո՞վ էր հեղինակը: Ուրեմն` ես էլ եմ լրագրող, նա է՞լ: Ես, որ շատ երկար տարիներ լրագրող եմ աշխատել, նաեւ` վերլուծական հաղորդաշարեր վարել եւ թերթ խմբագրել, երբեք պատվեր չեմ կատարել, երբեք խղճիս դեմ նյութեր, հրապարակումներ, մտքեր ինձ թույլ չեմ տվել: Ես միշտ դեմ եմ եղել այն սկզբունքին, ավելի ճիշտ կլինի ասել` անսկզբունքայնությանը, թե պատվերի շրջանակներում կարելի է ամեն ինչ: Ի տարբերություն Բելգիայում հանգրվանած եւ հայտնի չէ, թե ինչով զբաղվող այդ հոդվածագրի, ես կարող էի արտերկրում մասնագիտությամբ աշխատել եւ չափազանց բարձր վարձատրվել: Մերժել եմ նման առաջարկները, որովհետեւ (թող սա հայրենասիրություն չհամարվի, սա այլ մի երեւույթ է, ինքս էլ չգիտեմ, թե ինչ) իսկապես չեմ կարող այլ տեղում ապրել: Իսկ «բելգիաներում» ապաստանած այսպիսինները պարզապես վարկաբեկում են լրագրողի անունն ու պատիվը, վարկաբեկում են մեր մասնագիտությունը եւ առիթ են տալիս, որ ոմանք լրագրողների հասցեին չարախոսեն: Ափսոսում եմ, որ կան իրենց լրագրող համարող այսպիսի տարրեր, որոնց ծառայություններից շռայլորեն օգտվում են հայ ազգի թշնամի այլեւայլ պատվիրատուներ: Պատվիրատուներն այդ հրաշալի հասկանում են, որ ԵԿՄ վարչության նախագահի հասցեին խոսել, նշանակում է ԵԿՄ 40,000 անդամներին, զոհվածների ընտանիքներին, պատանի եւ երիտասարդ երկրապահներին վարկաբեկելու փորձ անել: Նրանք հասկանում են, որ փորձում են հարված հասցնել Հայաստանի ամենաազդեցիկ հասարակական կազմակերպությանը, փորձում են կառույց վարկաբեկել, կառույց քանդել: Հիմա, ըստ էության: Մի քիչ մտածող, երկրապահին մի քիչ ծանոթ մարդը հասկանում է, որ ԵԿՄ վարչության նախագահը պաշտոն չէ: Դա պատասխանատվություն է, ծանր բեռ է, որ պատվով տանում է Մանվել Գրիգորյանը: ԵԿՄ-ի հետ թեկուզ չնչին առնչություն ունեցած մարդը, ԵԿՄ ակունքներում կանգնած մարդը չի կարող տեղյակ չլինել, որ Մանվել Գրիգորյանն ինքնակամ չի դարձել ԵԿՄ վարչության նախագահ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո երկրապահական ընտանիքը միահամուռ կերպով հանգեց այն եզրակացության, որ միայն Մանվել Գրիգորյանը կարող է հավուր պատշաճի շարունակել Սպարապետի գործը: Եվ այդ մոտեցման հիմքում դրված էր հենց Սպարապետի կարծիքը Մանվել Գրիգորյանի մասին: Հիշե՛ք` Սպարապետն ասում էր, որ Մանվել Գրիգորյանը Արցախյան ազատամարտի լավագույն հրամանատարն է եղել, ասում էր, որ եթե երբեւէ մեր պետությունը պետք է մի կենդանի մարդու հերոսի կոչում տա, այդ մեկը հենց Մանվել Գրիգորյանը պետք է լինի: Մանվել Գրիգորյանը ղեկավարում է ԵԿՄ-ն` բացարձակապես չշեղվելով Վազգեն Սարգսյանի նախանշած ուղուց, հավատարիմ մնալով Սպարապետի ժառանգությանը: Սպարապետի պատգամին հավատարիմ գեներալը մտածում է սահմանների պաշտպանության, ազատագրված տարածքների ամրապնդման մասին: Սպարապետի ավանդին հավատարիմ` ԵԿՄ-ն հոգ է տանում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների իրավական, սոցիալական, բարոյական աջակցության խնդիրներով: Սպարապետի ավանդին հավատարիմ` Մանվել Գրիգորյանը հեղինակեց «Երկրապահ կամավորականի մասին» օրենքի նախագիծը: Սպարապետի ավանդին հավատարիմ` ԵԿՄ-ն այսօր բացել է դռները հանրության լայն խավերի համար` մտավորականների, երիտասարդների, պատանիների, լրագրողների, գիտնականների, տնտեսագետների, գործարարների եւ իրավաբանների առաջ: Սպարապետի հորդորն էր, որ ԵԿՄ-ն չի կարող ծերացող, վետերանական կառույցի վերածվել: Սպարապետի ավանդին հավատարիմ այսօր ԵԿՄ-ում գործում են պատանի եւ երիտասարդ երկրապահների կառույցները: Այս կառույցները բանակին պատրաստի կադրեր են տալիս` կրթված, հայեցի դաստիարակված, հայրենիքի ամեն մի անկյունն իմացող: Միայն այս տարի՝ մարտի 5-ին` Սպարապետի ծննդյան օրը, Եռաբլուրում 3,000 պատանի երդում ընդունեց: Թվարկե՞մ` էլ ինչով է զբաղվում ԵԿՄ-ն, թե՞ անցնենք հաջորդ հարցին: [b]-Ասում են ով՝ ով, բայց Մանվելը հրաշալի գիտի, որ պատերազմի ժամանակ իրենից պակաս տղաներ չէին, օրինակ, Ստեփանավանի ջոկատի հրամանատար Հրաչը, Նոյեմբերյանի Մուրոն, Իջեւանի Ժոկոն, 26-ի Հովոն, հենց նույն Ալբերտ Բազեյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Աֆոն եւ էլի շատերը: Գեներալը իրեն գերադասո՞ւմ է մյուսներից: [/b] -Այն հերոսները, որոնց անունը տրվում է, լիազորե՞լ են «հոդվածագրին» խոսել իրենց անունից: Այդ տղաների կարծիքն ինքը հարցրե՞լ է: Թող որեւէ մեկը, որ անկեղծ կամենում է հանրությանը տեղյակ պահել իսկությունը, հարցնի այդ տղաներին` ի՞նչ կարծիքի են իրենք Մանվել Գրիգորյանի մասին: Կտեսնեք, որ միայն գովասանքի, մեծարանքի, գնահատանքի խոսքեր կհնչեն գեներալի հասցեին: Նշված անձանցից մի քանիսն այսօր էլ ԵԿՄ վարչության անդամ են: Նշված անձանցից մի քանիսն օրերս են ԵԿՄ վարչության նախագահի որոշմամբ երկրապահական պարգեւների արժանացել եւ շատ հպարտ են այդ փաստով: Գեներալն ինքը երբեք իրեն ոչ մեկից չի գերադասել: Հիշո՞ւմ եք` իր հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը ցանկանում է, որպեսզի շարքային ու գեներալ, բոլորն էլ իրար հավասար լինեն, Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները հավասար կարգավիճակ ունենան: Ի դեպ, մտածեք` ո՞վ կկամենա իրար դեմ հանել Արցախյան պատերազմի հերոսներին, ո՞ւմ մտքով կանցնի հերոս տղաների միջեւ հակադրություններ հրահրել: Չի ստացվելու, որովհետեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը միասնության, միասնականության կողմնակից է: Թեպետ Արցախյան պատերազմի մասնակիցների 90 տոկոսից ավելին այսօր ԵԿՄ շարքերում են, բայց գեներալը հատուկ հորդորում է, որ կազմակերպության պատասխանատուները հանդիպեն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ԵԿՄ-ի հետ հարաբերությունները սառեցրած, կասեցրած բոլոր տղաների հետ: Բոլորին հանդիպելու, բոլորին հարազատ օջախ վերադարձնելու փորձ է արվում: -Դժգոհում են, որ Մանվելը ոչ միայն գեներալի, այլ զինվորի պատվի վերջին մնացորդները նետեց գետնին, երբ «իջավ» Լֆիկին ու Լիցկային իր կողքին մարտնչած ազատամարտիկ ներկայացնելու աստիճանի: -Որպեսզի Ձեր հարցն առավել ճշգրիտ լինի, վերցրեք ԵԿՄ վարչության ողջ կազմի ցուցակը եւ անուն առ անուն ուսումնասիրեք` ովքե՞ր են. Արցախյան պատերազմի իսկական հերոս գեներալներ են, օրինակ` Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, ուրիշներ: Վարչության փոխնախագահները եւս լուրջ մարտական ուղի են անցել: Ընդ որում, Արա Կետիկյանն ու Ղուկաս Ուլիխանյանը պատերազմին մասնակցել են 18 տարեկանից: Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, որ այսօր Էջմիածնի քաղաքապետ է, 14 տարեկանից զենքը ձեռքին ռազմի դաշտում է եղել` հոր կողքին: ԵԿՄ վարչության կազմում կան տարբեր ոլորտների մասնագետներ: Եվ դա հասկանալի է: Այսօր մեր չավարտված պատերազմը ոչ միայն ռազմական դաշտում է, այլեւ` տնտեսական, իրավական, գիտության, սպորտի: Հանրության բոլոր բնագավառների լավագույն ներկայացուցիչներ կան վարչության կազմում: [b]-Մտավախություն կա, որ Զորավարն էլ կռիվ գնացող չի եւ ոչ էլ նրա գերդաստանից որեւէ մեկը. «սամասվալը» թողնել-գնալն ուրիշ բան է, «Ջիպ»-ից իջնելը` ուրիշ: Հիմնավորվա՞ծ է, արդյոք, այս գնահատականը, թե՞ ոչ: [/b] - Ենթադրություններով խոսելու փոխարեն փաստերին նայեք: Փաստն այն է, որ Մանվել Գրիգորյանը հերոսաբար մասնակցել է Արցախյան պատերազմին` իր հետ տանելով ողջ գերդաստանը: Փաստն այն է, որ պատերազմում զոհվել են գեներալի տասնյակ հարազատներ, այդ թվում` հարազատ եղբայրներից երկուսը: Եթե, Աստված չանի, պատերազմ լինի, դարձյալ առաջին գծում հայտնվելու են երեկվա նվիրյալ տղաները, անգամ նրանք, որ 2 ոտքից հաշմանդամ են: Բա հո «բելգիաներում» ապաստանած կամ նրանց թիկունքում թաքնված վախկոտնե՞րը չեն մասնակցելու: Մասնակցելու են այն երիտասարդներն ու պատանիները, որ այսօր ԵԿՄ-ում են կրթվում ու դաստիարակվում տարեց երկրապահների, պատերազմի մասնակիցների աչալուրջ հսկողությամբ: [b]-Նշվում է նաեւ, որ նույնիսկ Գրետա մայրիկին հիվանդանոցում այցելելը հեռուստացույցով «նկարել է տրվում»: Այդպե՞ս է: [/b] -Գրետա մայրիկին գեներալն ընդունում է որպես սրբության, որպես հայ ազգի մեծ մոր, որպես մոր հավաքական կերպարի, որ հայ ազգին է պարգեւել 20-րդ դարի մեծագույն հայերից մեկին: Սպարապետի ծննդյան օրը` մարտի 5-ը, ամեն տարի Մանվել Գրիգորյանի համար սկսվում է Սպարապետի հայրական տուն այցելելով, Սպարապետի ծնողների հետ բաժակ բարձրացնելով: Այս տարի, ցավոք, մարտի 5-ին Գրետա մայրիկը հիվանդանոցում էր, եւ գեներալն անհրաժեշտ համարեց նաեւ հիվանդանոց այցելել: Ի տարբերություն Ձեր մատնանշած այդ բելգիացու, որ իրեն իբրեւ լրագրող է ներկայացնում, Հայաստանում կան բազում ազնիվ, անկաշառ, պրոֆեսիոնալ լրագրողներ, որ նաեւ մարդկային բնական զգացմունքներ ունեն եւ, անկեղծորեն մտահոգված լինելով Գրետա մայրիկի առողջությամբ, այցելել էին հիվանդանոց: [b]-Այսպիսի մի հակադրության էլ կցանկանայի, որ անդրադառնայիք: Հիշատակվում է, որ ժողովրդի դիմադրողականությունը եւ մարտական ոգին բարձր պահելու նպատակով անհրաժեշտ գտան ասպարեզ բերել ժողովրդի «ծոցից ելած» հերոսի կերպարի, եւ ընտրությունը կանգ առավ Մանվել Գրիգորյանի վրա: Այնինչ` հայրենի Արշալույս գյուղում նրա վիթխարի առանձնատան շուրջ երեքտակ անցկացրած փշալարեր կան: Ինչի՞ց եւ ումի՞ց է վախենում Հայաստանի բոլոր հնարավոր մեդալներով պարգեւատրված գեներալ-լեյտենանտը, որ ուժեղացրած սահմանային ռեժիմ է հաստատել իր տան մոտ: [/b] -Լավ, էլի: Մի ծիծաղեցրեք: Գեներալն այսօր ապրում է Էջմիածնում` զավակներով, թոռներով, հարեւաններով շրջապատված, բոլորի հետ ջերմ հարաբերություններ ունի: Գեներալը բոլոր ազատագրված տարածքները նաեւ շենացրել է, ցանկացած տարածքում էլ ապրում է` Գորիսում, Կապանում, Մաղավուզում, Մարտակերտի Մեծ Շենում, Մեղրաղբյուրի բազայում` վրանի տակ: Նա մարդկանցից պատնեշվելու, առանձնանալու խնդիր չունի: Նա հանրապետության տասնյակ քաղաքների պատվավոր քաղաքացի է, նաեւ` Արցախի տարբեր բնակավայրերի պատվավոր քաղաքացի: Ինչ վերաբերում է ժողովրդի ծոցից ելածի կերպարին, ապա ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ պատերազմի ամենածանր շրջանում Մանվել Գրիգորյանը միաժամանակ 2 ճակատ է ղեկավարել: Այդ ընթացքում նա երբեք հետքայլ չի կատարել, միայն ազատագրել է: Դժվար է թվարկել այն բոլոր տարածքները` Հադրութից մինչեւ Մարտակերտ, Ֆիզուլի եւ այլն, որոնց ազատագրմանն ու պաշտպանությանը մասնակցել է նա: Ձեզ հրավիրում եմ` եկեք օգոստոսին մեզ հետ ամենամյա ուխտագնացության դեպի Արցախ: Կլինենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում, կայցելենք զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարեր, հուշարձաններ, առիթ կունենաք շփվելու սահմանի բնակչի հետ եւ անձամբ հարցուփորձ անելու Մանվել Գրիգորյանի արածների մասին էլ, նրա հասցեին չարախոսողների էլ:

Նմանատիպ նյութեր