Երևանում 33-ամյա կին-վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մարտի 20-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նունուֆար Փաշիկյանը իր կողմից վարած Nissan  մակնիշի 34 DR 206 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա Երվանդուհի Թափախշյանին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական  կենտրոն, սակայն որոշ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը մահացել է: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

