211652_close_icon
views-count1697 դիտում article-date 21:17 19-03-2014

Ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու. Երևանի քաղաքապետ

Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին ավագանու անդամները հարցեր են ուղղել Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներին: «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հետաքրքրվել է, թե քաղաքապետարանի համապատասխան կառույցներն ի՞նչ քայլեր են ձեռնարկել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու տարածքում ամիսներ առաջ գրանցված ծառահատման մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ և արդյո՞ք այդ տարածքում շինարարություն չի նախաձեռնվի: Պատասխանելով ավագանու անդամի հարցին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ծառերի ապօրինի հատման դեպքով հարուցվել է քրեական գործ և պատկան մարմիններն աշխատում են օրինախախտին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Քաղաքապետը նաև հավելել է, որ այգու տվյալ 1000 քմ ընդհանուր մակերեսով տարածքը մասնավոր սեփականություն է, սակայն սեփականատերը վստահեցրել է, որ ծառերի հատման հետ որևէ առնչություն չունի և նպատակ էլ չունի այդ տարածքում որևէ շինարարական աշխատանքներ նախաձեռնել. «Մեր քաղաքականությունն այս հարցում հստակ է. կանաչ տարածքները պետք է ընդլայնենք ու հանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Մենք սեփականատիրոջ հետ նաև բանակցել ենք, որպեսզի տվյալ տարածքը վերադարձնենք համայնքին, ու այժմ մեր համապատասխան կառույցների մասնագետները սեփականատիրոջ հետ քննարկում են նշված տարածքը մեկ այլ` համարժեք տարածքով փոխարինելու տարբերակները», - ընդգծել է քաղաքապետը: «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի Կորյունի 11 հասցեում գտնվող տաղավարների ապամոնտաժմանը վերաբերող հարցին ի պատասխան, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նշել է, որ նմանատիպ կառույցների ապամոնտաժման ծրագիրն իրականցվում է դեռ 2011 թվականից և նշված տաղավարները բացառություն չէին կարող լինել: Ընդորում, տվյալ տաղավարների տարածքների վարձակալման ժամկետներն ավարտված են եղել դեռևս 2010 թվականին. «Վարձակալներին, օրենքով սահմանված կարգով, առաջարկվել էր վարձակալության ժամկետների ավարտից հետո իրենց ուժերով ապամոնտաժել դրանք և ինչպես պայմանագրով է սահմանվում, տարածքը բերել նախկին տեսքի ու վերադարձնել համայնքին: Նրանք հրաժարվել են կատարել քաղաքային իշխանության օրինական պահանջը ու քանի որ տվյալ տաղավարները այդ անձանց սեփականությունն են, քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, դիմել էր դատարան՝ դրանք ապամոնտաժելու հայցով: Դատարանի կողմից կայացված որոշումը վերադաս ատյանում նրանց կողմից բողոքարկելու պատճառով այս գործընթացը ձգձգվել է մինչև այսօր և հիմա, ունենալով արդեն դատական ատյանի վերջնական վճիռը, մենք ինքներս ենք իրականացնում այդ տաղավարների ապամոնտաժումը: Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ նշված ամբողջ ժամանակահատվածում այդ տնտեսվարողներն, ըստ էության, իրենց գործունեությունը շարունակել են՝ համայնքին որևէ վճարում չկատարելով», - ընդգծել է քաղաքապետը հավելելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները վարձակալության տրամադրելիս քաղաքային իշխանությունը բնավ պարտավոր չէ վարձակալության ժամկետի ավարտից հետո այն երկարացնել, ինչը և կիրառվել է այս դեպքում: Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանի կողմից բարձրացված թեքահարթակների կառուցման և շենքերի պատշգամբների վերանորոգման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցերին ի պատասխան, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը նշել է, որ նախորդ տարի համայնքային բյուջեով կառուցվել է 81 թեքահարթակ, բացի այդ, ևս 9 թեքահարթակ 1 ներկառուցվել վարչական շրջանների աշխատակազմերի շենքերի մուտքերի դիմաց: Նա նաև նշել է, որ մայրաքաղաքի փողոցների և մայթերի ասֆալտապատման, հիմնանորոգման ու նորոգման աշխատանքների շրջանակում փողոցների և մայթերի ևս 297 հատվածներ, աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների միջոցներով, հարմարեցվել են սայլակներով տեղաշարժվելու համար: Նշվել է նաև, որ ծրագիրը շարունակական է: Շքապատշգամբների վերանորոգման ծրագրի հետ կապված էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ տվյալ ծրագրի իրականացումն, ըստ էության, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից բարի կամքի դրսևորում է, քանզի նշված մակերեսները հանդիսանում են բնակիչների մասնավոր սեփականությունը և հենց նրանց կողմից պետք է իրականացվեին այդ աշխատանքները: Սակայն, հաշվի առնելով բնակիչների սոցիալական պայմանները, համայնքային իշխանությունն իր վրա է վերցրել այդ պարտավորությունն ու նախորդ տարվանից իրականացնում է այն և սահմանված ժամկետներում կհասցնի ավարտին: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կողմից ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցերին ի պատասխան էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նախագծում սահմանված մեկ «օպերատոր» հասկացությունը բնավ չի նշանակում, թե միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցն է իրականացնելու ուղևորափոխադրումները. «Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դա ուղղակի անհնար է իրականացնել, քանի որ Երևան համայնքը անհրաժեշտ քանակության տրանսպորտային միջոցներ չունի: Բացի այդ, մեր քաղաքականությունն այդ հարցում հստակ է. մասնավոր ընկերություններն անպայման պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ինչը և՛ առողջ մրցակցություն է ապահովում դաշտում, և՛ հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիների համար որակյալ սպասարկում ապահովելու: Իսկ օրենքի նախագծի տրամաբանությունն այն է, որ համայնքային ենթակայության կառույցը իր կողմից սպասարկվող երթուղագծերը շահագործի առանց մրցույթի մասնակցության, իսկ մրցույթներն անցկացվեն բոլոր այն երթուղագծերի համար, որոնք մնում են թափուր: Ինչ վերաբերում է ուղեվարձի սակագնի սահմանման լիազորությունը ավագանուն վերապահելու դրույթին, ապա այո՛, դա եղել է մեր առաջարկը, ինչը համարում ենք արդարացված: Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե՝ այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր