12593 դիտում
11:10 19-03-2014
Երևանի քաղաքապետարանի փափկասուն պաշտոնյաների մեղքով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր. ֆոտոռեպորտաժ.տեսանյութ
Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Վազ 2107 մակնիշի 34 AM 748 համարանիշի և մեկ այլ Վազ 2107 մակնիշի 17 VO 700 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Վազ 2107 մակնիշի 34 AM 748 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր վթարի մասին տեղեկացրել են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ահազանգով վթարի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը:
Վթարի պատճառը հիմնականում այն է եղել, որ նշված փողոցում անկանոն է աշխատում խաչմերուկը կարգավորող լուսակիրը (светофор), ինչն էլ պատճառ է դառնում նշված խաչմերուկում բազմաթիվ ավտովթարների:
Լուսակրի անկանոն աշխատանքի մասին տեղյակ են և՛ Երևանի քաղաքապետարանում, և՛ ճանապարհային ոստիկանության այն կառույցում, որը պետք է զբաղվի այդ խնդրով, սակայն նրանք «ուղտի ականջում քնած են»:
Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե նշված խաչմերուկում վթարի մեջ հայտնվեն քաղաքապետը, ճանապարհային ոստիկանության նշված կառույցի պաշտոնյան, ապա ժամերի ընթացքում լուսակրի հարցը կլուծեն, իսկ հիմա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «վարորդներ, եղունգ ունեք, գլուխներդ քորեք»:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շրջված «07»-ի վարորդն այս տարվա փետրվարի 18-ին նշված ավտոմեքենայով վրաերթ է կատարել Երևանում, ում նկատմամբ նույն բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվել, և ավտոմեքենան էլ այն ժամանակ տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+