Խոշոր ու շղթայական ավտովթար Կապան քաղաքում. կա 9 վիրավոր
                        Երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է  տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում   Կապան քաղաքի Հ.  Ավետիսյան փողոցի շենքի դիմաց,  գլխավոր ճանապարհահատվածում բախվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ 38-ամյա  Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 77 RP 773 համարանիշի , Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա   Լևոն Ազարյանի վարած Toyota Land Cruiser Prado  մակնիշի 11 LA 001 համարանիշի և Իլյա Մատիյուտի վարած Վազ 21013 մակնիշի 34 UR 647 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 ավտոմեքենաների վարորդներն ու Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ 65-ամյա  Էդուրադ Սարգսյանը, 34-ամյա Թամարա Սարգսյանը,  10-ամյա Անի Սարգսյանը 11-ամյա  Էդուարդ  Սարգսյանը,  15-ամյա  Հովհաննես Սարգսյանը, 8-ամյա  Նարե Սարգսյանը, 44-ամյա  Լևոն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց , իսկ  Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա  Լևոն Ազարյանը՝ Քաջարանի հիվանդանոց: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի աշխատակիցները՝  վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Արմեն Ոսկանյանի գլխավորությամբ: 
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել են ՃՈ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը և   ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքի քննիչ Գ.Ալավերդյանը,  ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի և վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

