211652_close_icon
views-count1150 դիտում article-date 11:47 24-07-2026

Կառավարությունը հիմնանորոգում է Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական մոտ 13 կմ ճանապարհը, որը 20 տարուց ավելի վարորդների համար դարձել էր վթարների պատճառ. ՀԷՑ-ն էլ 100-ից ավելի մահաբեր էլեկտրասյուները փոխարինել է նորերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վերջին տարիներին հանրապետությունում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել մարզերում ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման, անգամ նորերի կառուցման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ ու տեսանյութեր է հրապարակել, որով կառավարությանը փոխանցել է հազարավոր քաղաքացիների ու վարորդների խնդրանքը, որպեսզի Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող ճանապարհը, որը վերջին անգամ ասֆալտապատվել էր, այն էլ՝ փոսալցման եղանակով, 20 տարի առաջ, հիմնանորոգվի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շաբաթներ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական բնակավայրեր, ինչից հետո կառավարությանը ներկայացնում է ծրագիր, որը հավանության է արժանանում, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային Դեպարտամենտ» հիմնադրամը գործի է անցնում, քանի որ կառավարությունն արդեն խոշոր չափի գումար է ներդրել այդ ճանապարհը հիմնանորոգելու համար։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի մոտ 13 կիլոմետր հատվածից հեռացվում է հողային շերտը, քանի որ ամեն անգամ ասֆալտապատում, փոսալցում կատարելուց հետո շաբաթներ անց այդ մի քանի կիլոմետրանոց հատվածում նորից առաջանում են նստվածքներ ու փոսեր։

Հիմա գրեթե ամբողջ տարածքից հեռացվել է հողը և խճապատվել ճանապարհը։ Ի դեպ ճանապարհը լայնացվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ արդեն 100-ից ավելի նոր, ավելի որակյալ ու ապահով բետոնե էլեկտրասյուներ են տեղադրվել, ինչը ավելի ապահով է դարձնելու բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիան։ Իսկ նախկինում եղել են դեպքեր, երբ քամու հետևանքով էլեկտրասյուները տապալվել են։

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարում է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, որը Հայաստանում հայտնի է ճանապարհաշինարարության ոլորտում որպես բարեխիղճ ընկերություն։

Այս պահին աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և, ըստ ճանապարհաշինարարների, արդեն մեկ անգամ անակնկալ աշխատանքների ստուգման նպատակով ժամանել է ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը  Հայաստանում ակտիվ քարոզարշավ են իրականացնում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ խոստանում են, որ իրենց թիմը և իրենց վարչապետի թեկնածուն Հայաստանը դարձնելու են դրախտային երկիր։

Այդ օրերին SHAMSHYAN.com-ը հազարավոր հեռախոսազանգեր էր ստանում թե՛ Երևանի, թե՛ մարզերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն պահանջում էին, որպեսզի բոլոր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ իրենց վարչապետի թեկնածուների հետ, երբ հանդիպումների էին գնում ընտրողների հետ, լավ կանեն նաև անցնեն քարուքանդ եղած, վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհներով, ու այդ ժամանակ գուցե, երբ հաջողվի գալ իշխանության, առաջին հերթին զբաղվեն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներով։

Մայիսի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրից մինչև Կոտայքի մարզի Եղվարդ-Հրազդան մի քանի կիլոմետրանոց ճանապարհին վարորդներն իրենց խոսքն էին ուղղում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ասելով․ «Քարոզարշավի ժամանակ չմոռանաք նաև այս ճանապարհով անցնել»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհին այնքան շատ էին փոսերը, այդ թվում՝ մարդաբոյ, որ եթե ցերեկային ժամերին վարորդները նկատում էին փոսերը ու կարողանում էին խույս տալ դրանցից, ապա գիշերային ժամերին ամեն օր 3-10 ավտոմեքենա վնասվում էր։ Կոտրվում էին թափարգելները, անվահեծանները, պայթում էին անիվները, իսկ Աստված չանի, եթե այդ ճանապարհին հարակից գյուղերում մեկը վատանա՝ շտապօգնությունը մի ժամից ավելի նոր կարողանում էր մոտենալ, և պատճառաբանում էին, որ փոսերն այնքան շատ էին, որ չգիտեն՝ ինչպես անցնեն։

Նույնիսկ եղել էր դեպք, երբ շտապօգնության ավտոմեքենան բուժառուի տուն գնալու ճանապարհին վնասվել էր, ու ստիպված մեկ այլ շտապօգնություն էր ժամանել։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր