Յուլյա Տիմոշենկոն մեկնել է Բեռլին՝ «Շարիտե» կլինիկայում բուժում ստանալու համար․ ԶԼՄ֊ներ
Ուկրաինայի նախկին վարչապետ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ողնաշարի բուժման կուրս անցնելու համար մարտի 7-ի երեկոյան մեկնել է Գերմանիա: Ըստ գերմանական «ДПА» գործակալության հաղորդման, Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանից նա անմիջապես կուղևորվի մայրաքաղաքային «Շարիտե» կլինիկա: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Կլինիկայում մարտի 8-ին Տիմոշոնկոյին բուժող բժիշկների մասնակցությամբ տեղի կունենա մամլո ասուլիս: Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք մի քանի անգամ և կլինիկայում, և Ուկրաինայի տարածքում հետազոտել են Տիմոշենկոյին և նշել, որ նա վիրահատության անհրաժեշտություն ունի:
«Մամլո ասուլիսին Տիմոշենկոն չի մասնակցի և Բեռլինում գտնվելու ընթացքում նա մտադիր չէ հարցազրույց տալ»,֊ նշել են Կլինիկայում։