Հայաստանում կուսակցությունների քանակը զգալիորեն կկրճատվի․ 168 ժամ
«168 ժամ․ թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է առաջիկայում Հայաստանում գործող կուսակցությունների քանակը զգալիորեն կրճատելու հարցը։
Դրա համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պատրաստվում է լուրջ օպտիմալացում անցկացնել Հայաստանի քաղաքական դաշտում։
Նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների քանակը կարող է առաջին փուլում հասցվել մինչև 10-ի։ Չնայած, եթե օպտիմալացումն իսկապես արդար լինի՝ ըստ գործող օրենքի, ապա Հայաստանում կարող են մնալ միայն 4-5 կուսակցություններ։
2002թ. ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքով գրանցված կուսակցությունը պետք է ունենար 200 անդամ, և տարածքային կառույցներ մարզերի առնվազն 1/3-ում։ 2005թ. հունվարի 15-ին օրենքում կատարվեց փոփոխություն, որով խստացվեցին կուսակցությունների գործունեության պահանջները։
Մասնավորապես, պահանջվում էր, որ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2 հազար անդամ, ընդ որում. ՀՀ յուրաքանչյուր մարզում՝ ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ՝ Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։