211652_close_icon
views-count1276 դիտում article-date 14:30 18-02-2014

Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փետրվարի 18-ին Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Քրիստին Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։ Բրիտանացի հյուրերը ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավարի եւ անդամների հետ հանդիպեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Տնօրենը հյուրերին հանգամանալի տեղեկություններ հաղորդեց 1915-ին տեղի ունեցած Հայոց մեծ եղեռնի մասին, ծանոթացրեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրերին ու փաստաթղթերին։ Բրիտանացի խորհրդարանականները իրենց տպավորությունները կիսեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության ղեկավար, ՄԹ Համայքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլը նշեց, որ ամեն անգամ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անչափ հուզվում է. «Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարիլիցը, եւ մենք մտադիր ենք նշելու այն Մեծ Բրիտանիայում։ Շատ կարեւոր է, որ այն, ինչը պատահել է, երբեք չմոռացվի։ Այդ պատճառով էլ մենք այստեղ ենք։»։ Համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, նշեց, որ ինքը շատ բան կարող է ասել, բայց ըստ նրա՝ կարեւորը բառերը չեն, այլ կարեւոր է, թե ինչ կա իրենց սրտերում: Նա ասաց. «Մոտենում ենք Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, շատերը հույս ունեին, թե մոռացության է տրվել այդ փաստը, մենք եկել ենք ապացուցելու, որ աշխարհը չի մոռացել։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է համախմբվի, որպեսզի ընդունի սարսափելի ոճրագործությունը, որը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում։ Ես հոգով, սրտով հայերի հետ եմ, թեեւ իմ երակներով հայի արյուն չի հոսում։ Ես հպարտությամբ եմ լցվում այն բանի համար, որ հայերը թեեւ տառապել եւ բազում չարչարանքներ են կրել, բայց երբեք չեն պարտվել»։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի առնչությամբ Սթիվեն Փաունդը նշեց, որ ինքը փետրվարի սկզբին Համայնքների պալատում Ղարաբաղի հարցի շուրջ հանդես է եկել զեկույցով։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները դանդաղ են ընթանում, եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շատ ավելին պետք է անի այս հարցում։ Սթիվեն Փաունդը նշեց նաեւ, որ ԼՂՀ հարցը կրկին ու կրկին պետք է բարձրացվի Անգլիայի խորհրդարանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր