211652_close_icon
views-count1384 դիտում article-date 16:52 12-02-2014

Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները. պարզաբանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը

2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-200 զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ: Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն, միանշանակ կարելի է պնդել, որ հանրապետության հիմնական հացահատիկացան տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքերը չեն տուժել, քանի որ ցածր ջերմաստիճաների պայմաններում ծածկված են եղել ձյան կայուն շերտով: Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի ծածկված այգիների (որտեղ խնամքով կատարվել է այգեթաղ) վազերը բացարձակապես չեն վնասվել: Չեն վնասվել նաև չթաղված ցրտադիմացկուն (Մեղրաբույր, Չարենցի, Ներկառատ և այլն ) սորտերի վազերը: Նախարարության մասնագետները մտահոգություն ունեն , որ չթաղված խաղողի սեղանի և մի շարք տեխնիկական սորտերի բերքատու մատերի կենտրոնական (գլխավոր) աչքերը կարող են այս կամ այն չափով վնասված լինել: Չի բացառվում նաև վնասների հնարավորությունը կարկտահարված դեղձենու և կեռասենու այգիներում: Վերջնական արդյունքները պարզ կդառնան մարտի կեսերին, երբ խաղողի վազերի և պտղատու ծառերի մոտ կսկսվի ակտիվ հյութաշարժը: Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր