211652_close_icon
views-count1562 դիտում article-date 22:02 12-02-2014

Որոշ խեղաթյուրանքների պարզաբանում

Մեր իրականության մեջ «ռաբիս» է անվանվում ամեն ցածրաճաշակ երևույթ: Այս անվանարկումը իրից անցնում է իրի տիրոջը կամ ստեղծողին ու հավանություն տվողին: Թվում է՝ ամեն բան իր տեղում է. անորակը, ցածրը, վատը անվանվում է ռաբիս և մերժվում լայն հանրության կողմից, սակայն ամեն բան այդքան էլ պարզ չէ: Գեղեցիկի և այլանդակի, բարձրաճաշակի և ցածրաճաշակի մասին վեճերը սկսում են դեռևս Պլատոնից առաջ ու հասնում մինչև մեր օրերը: Ռաբիս է համարվում այն մարդը, ով, ասենք, սպորտային հագուստի հետ կրում է էլեգանտ կոշիկներ: Այն, որ դա այնքան էլ մեր աչքին այսօր հաճելի չէ, դա բնավ չի նշանակում, թե կրողը կամ այլք իրավունք չունեն դա համարել գեղեցիկ: Իսկ մեր աչքը սովոր չէ, որովհետև այդպես է թելադրում ինչ-որ մոդելիորր, ում տեսքն ու աշխարհայացքը ամեն մարդ իրավունք ունի չհավանելու: Վերջապես, ո՞վ կարող է ասել, թե ինչ է գեղեցիկը, եթե Սոկրատեսը Հիպիաս Մեծի հետ երկար վիճելուց հետո միայն կարողանում է եզրակացնել, որ «…գեղեցիկը դժվար է…»: Վեճը շարունակվում է մինչ, ասենք, Ռ. Դեկարտ, Է. Բյորք, Ջ. Քոլլինգվուդ, Ռ. Գրոպիուս, և այլն, ու մեր օրերը: Այլև ո՞վ է որոշել, որ կարելի է հասարակական վայրերում շրջել ջինսով (որն իրականում ամերիկյան նախրչու հագուստ է), իսկ սպորտայինով` ոչ: Մեր իրականության մեջ ռաբիս են համարվում (հետևաբար անորակ ու անճաշակ) հայկական այն երգիչ-երգահանները, ովքեր միաձուլում են արևելյան ողբը և հունական թամաշայական ոճը բուն հայկականի հետ: Ռաբիս են համարվում նաև այս ամենի սպառողները: Ի հակադրություն սրա, չգիտես ի՛նչ հիմքով, ռաբիս չի համարվում փոփը, բլյուզը, թեթև ռոքը (կամ քանթրին), սվինգը և ջազն ընդհանրապես: Մինչդեռ ո՞վ է այն գիտնական-էսթետը, որ կարող է հստակ որակական տարբերություն ցույց տալ, ասենք, «Սթենդ բայ մի (Stand By Me)» երգի, որը, ի թիվս այլոց, կատարում է նաև Ջ. Լենոնը և «Արի կանգնիր քո սիրած տղայի կողքին» երգի միջև, որը կատարում է Փաշիկը: Նույնը հանգիստ կարելի է ասել, ասենք, Լ. Արմսթրոնգի հայտնի «Գոու դաուն մոուսիզ (Go Down Moses)» երգի մասին, որը եթե ուշադիր լինենք, առանձնապես չի տարբերվի ոչ մի ներկայիս հայկական աղանդավորական պաշտամունքային երգից: Մենք միտումնավոր ընտրեցինք այնպիսի օրինակներ, որտեղ ոչ միայն ստեղծագործությունների ծագումներն ու ճակատագրերն են նմանվում, այլ նաև բառային տեքստերը և էությունը: Այստեղ միակ փաստարկը` «ինձ դուրեկան չի (կամ հակառակը)», «զզվելի է», «հաճելի է»-ն է, ուրիշը չկա: Վերջերս էլ մի տերմին է հորինվել հայկական շոու-բիզի համար` «6 /8», որի ինչ նշանակելը դժվար թե մեկը հստակ հասկանա: Երաժշտության առումով նախատինքի է ենթակա միայն խեղաթյուրանքը, այն էլ, բացառապես դասականի և զուտ ազգայինի տեսանկյունից (խեղաթյուրանքից, ի միջի այլոց, զերծ չեն իբր ազգային ավանդությունը պահող որոշ շոուբիզնեսմեններ): Բայց այս նույն նախատինքին կարող է և պե՛տք է արժանանա ոչ միայն հայկական «ռաբիսը», ողջ շոու բիզը, այլ նաև ամերիկյանը, ռուսականը և ցանկացած արտասահմանյան. Հետո ի՞նչ, որ «ռաբիս» բառը կա միայն հետխորհրդային ազգերի լեզվամտածողության մեջ: Ռաբիս է համարվում ինչ-որ խոսվածք, որն ամենից հաճախ աղերսվում է քրեածին իրողությունների հետ: Անկախ ամեն ինչից, նույնքան նախատելի է, երբ մարդ խոսում է ռուսական կամ անգլոամերիկյան շեշտադրությամբ ու կրկին բացառապես, լեզվի մաքրության տեսանկյունից, իսկ այլ ցանկացած տեսանկյունը ոտնահարում է մարդու ազատությունը: Վերջապես, հարկ ենք համարում տեղեկացնել, որ տողերիս հեղինակը գարշում է ամեն հնարավոր ռաբիսից (եթե դա հետաքրքիր կլինի ընթերցողին) և այս հոդվածով բնավ միտում չունի արդարացնել ռաբիսը: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք ասել, որ ռաբիսը միայն հայկական չէ, այլ բոլոր ազգերում ու «ոչ-ազգերում» այն առկա է և նույնքան արգահատելի, որքան հայկականը: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր