1076 դիտում
22:25 07-02-2014
Հատկացվել են համարժեք բնակարաններ, իսկ բնակմակերեսի բարելավում օրենքը չի նախատեսվում
Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս բնակվող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում: Ծրագրով նախատեսված շենքի քանդումն ապահովելու և բնակիչների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով 2011-2013թթ.-ին հատկացվել է թվով 34 բնակարան՝ Երևան համայնքի սեփականություն համարվող նորակառույց շենքերում, այդ թվում Սիսակյան 22 հասցեում գտնվող շենքում:
Շինարարների 15 շենքում բնակվող 30 ընտանիքները բնակարաններն ազատել են մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը: Սակայն նույն շենքի 4 բնակարանները զբաղեցնող ընտանիքները հրաժարվել են կամավոր ազատել բնակարանները և տեղափոխվել իրենց հատկացված՝ մոնոլիտ միջհարկային ծածկեր ունեցող նոր կառուցած շենքի բնակարանները, որոնք ապահովված են բնակության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
2013թ. սեպտեմբերից Երևանի քաղաքապետի 20.12.2012թ. հ.7937-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը վերը նշված 4 ընտանիքների հետ բազմիցս կազմակերպել է հանդիպում-քննարկումներ: Հանդիպումների ընթացքում բնակիչների միակ պահանջը եղել է հավելյալ բնակարանների տրամադրումը: Շենքում բնակությունը շարունակող 4 ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև.
1. Շինարարների 15 շենքի հ.17 երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը տնօրինող Սեդա Հարությունյանի տղայի՝ Արամ Հարությունյանի ընտանիքին և 2 սենյակները տնօրինող Սեդա Հարությունյանի ընտանիքին դրանք հատկացված են եղել որպես խորդանոց օգտագործելու համար առանց սեփականության իրավունքի, որի դիմաց վերաբնակեցման նպատակով, բացառության կարգով, Երևանի ավագանու 13.09.2011թ. հ.299-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4903-Ա և հ.4910-Ա որոշումներով Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.56 մեկ սենյականոց և հ.52 երկու սենյականոց առանձին բնակարաններ:
2. Շինարարների 15 շենքի հ.19 երկու սենյականոց՝ որպես խորդանոց օգտագործելու համար հատկացված բնակարանը տնօրինող և սեփականության իրավունք չունեցող Խրիստաֆոր Խաչատրյանի ընտանիքի 7 անձին՝ այդ թվում հրապարակման մեջ հիշատակվող Արման Խաչատրյանին, վերաբնակեցման նպատակով, բացառության կարգով, Երևանի ավագանու 13.09.2011թ. հ.299-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4909-Ա որոշմամբ Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.4 երկու սենյականոց բնակարան:
3. Շինարարների 15 շենքի հ.20 երեք սենյականոց բնակարանի վարձակալ Վազգեն Գասպարյանի ընտանիքին Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4925-Ա որոշմամբ Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.97 երեք սենյականոց բնակարան:
4. Շինարարների 15 շենքի հ.29 մեկ սենյականոց բնակարանի վարձակալ Գայանե Քարտաշյանի ընտանիքին Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4920-Ա որոշմամբ Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.98 մեկ սենյականոց բնակարան:
Արդյունքում բոլոր 4 բնակարանները զբաղեցնող ընտանիքներին հատկացվել են նույն սենյակների քանակով բնակարաններ, ինչը զբաղեցնում են վթարային շենքում և, ըստ էության, բնակիչների պահանջն է, օգտվելով առիթից, ստանալ լրացուցիչ բնակարան:
Անդրադառնալով շենքի ջրամատակարարման դադարեցման հետ կապված հարցին՝ տեղեկացնենք, որ, այո, այն դադարեցվել է, հաշվի առնելով շենքի փլուզման սպառնալիքի համգամանքը և անկանխատեսելի հետևանքները, որի դեպքում վտանգ է սպառնում ոչ միայն վերը նշված 4 ընտանիքների կյանքին ու առողջությանը, այլև շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվող այլ քաղաքացիներին:
Հաշվի առնելով նշված հիմնավորումները և հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները դեռևս 23.05.2012թ. օրենքով սահմանված կարգով ընդունվել է Երևանի քաղաքապետի <<Երևան քաղաքի Շինարարների փողոցի հ.15 քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքի բնակարանների ազատման մասին>> հ.4061-Ա որոշումը, որով առաջարկվել է բնակիչներին մինչև 2012 թվականի հունիսի 15-ն ազատել վթարային շենքի բնակարանները: Միաժամանակ նշված որոշմամբ բնակիչները նախազգուշացվել են, որ որոշմամբ նախատեսված պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ: Երևանի քաղաքապետարանը, շարունակելով բնակիչների հետ բանակցություններն ու պարբերաբար կազմակերպելով հանդիպում-քննարկումներ, բազմիցս հորդորել է բնակիչներին և համբերատար սպասել վերջինների կողմից բնակարանների կամավոր ազատմանը: Բավարար ժամանակ ունենալով հատկացված բնակարաններ կամավոր տեղափոխվելու համար՝ Երևանի քաղաքապետարանը, անարդյունք համարելով բնակիչների հետ տարվող աշխատանքը, նշված որոշմամբ սահմանված ժամկետները Երևանի քաղաքապետի 31.01.2014թ. հ.236-Ա որոշմամբ մինչև 2014թ. փետրվարի 3-ը երկարաձգվելուց հետո, ստիպված կիրառել է վարչական հարկադրանքի միջոցներ:
Երևանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով և մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան և /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաև չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում:
Ելնելով վերը նշվածից՝ 4 բնակարաններն զբաղեցնող բնակիչները պարտավոր են շուտափույթ տեղափոխվել նոր բնակարաններ և ազատել զբաղեցրած խիստ վթարային բնակարանները:
Երևանի քաղաքապետարան
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
17:47 07-02-2014
Հատկացվել են համարժեք բնակարաններ, իսկ բնակմակերեսի բարելավում օրենքը չի նախատեսում
7537 դիտում
18:12 08-06-2017
Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում նախատեսվում է Հայաստանի դիրքի բարելավում
Այս բաժնից
898 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
652 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար