Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
                        ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 24-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում: 
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հեռահաղորդակցության ոլորտում Իտալիայի հետ համագործակցության եզրեր գտնելու փորձեր են եղել, սակայն տարբեր պատճառներով չեն կայացել: 
Խոսելով կապի ոլորտում գրանցած ձեռքբերումների մասին՝ նախարարը դեսպանին ներկայացրեց հայաստանյան հեռուստաեթերի թվայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշեց, որ արդեն պայմանգիր է կնքվել շվեդական «Էրիքսոն» ընկերության հետ, որն իրականացնելու է այդ գործընթացը:
Ջովաննի Ռիչուլլին վստահություն հայտնեց, որ Իտալիայում ուրախ կլինեն մեծացնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը տրանսպորտի և կապի ոլորտում: 
Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ  է տարբեր ծրագրերով և առաջարկներով համագործակցել Իտալիայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

