211652_close_icon
views-count1373 դիտում article-date 18:30 17-01-2014

Փոխվարչապետը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով: Ա. Գեւորգյանը կարեւորեց սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձեւը: Նա միաժամանակ հորդորեց հետեւողական լինել, որպեսզի թե մարզպետարանների, եւ թե համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն: Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր 2014 թ-ին կառավարության կողմից հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, ինչպես նաեւ սերմացուի հատկացման ծրագրերին եւ դրանց իրականացման մեխանիզմներին: Մարզպետները ներկայացրեցին մարզերում առկա պահանջարկի վերաբերյալ տվյալներ: Անդրադարձ եղավ նաեւ ծրագրերի իրականացման մեխանիզմների արդյունավետության խնդրին: Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց մեկ անգամ եւս տեղերում` համայնքների ղեկավարների, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել աջակցության մեխանիզմների արդյունավետությունը եւ սեղմ ժամկետներում առաջարկություններ ներկայացնել, որպեսզի կառավարությունը կարողանա ժամանակին իրագործել ծրագրերը: Քննարկվեցին նաեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից մարզերում իրականացվող աշխատանքներին, գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Կարեւորելով նշված կենտրոնների առկայությունը` միաժամանակ նշվեց դրանց գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաեւ արտերկրում գործող նմանատիպ կառույցների դրական փորձը: Մարզպետների հետ խորհրդակցությունից հետո փոխվարչապետն աշխատանքային հանդիպում ունեցավ Կապանի, Գավառի եւ Աշտարակի քաղաքապետների հետ, մասնակցում էին նաեւ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզպետները: Քննարկվեցին նշված համայնքների 2014թ. բյուջեներին եւ դրանց կատարմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետի եւ Գավառի քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց նաեւ "Հետաքննող լրագրողներ" հ/կ-ի կողմից իրականացված վերջին ուսումնասիրության վրա, որում ամփոփված են մարզի մի շարք համայնքներում, այդ թվում` Գավառում, կատարված հետազոտությունների արդյունքները: Նա առաջարկեց ծանոթանալ հետազոտությանն ու արձանագրված նկատառումները հաշվի առնել հետագա աշխատանքներում: Քննարկվեցին նաեւ քաղաքային համայնքներում իրականացվող ծրագրերին առնչվող եւ ընթացիկ այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր