26810 դիտում
02:14 07-09-2013
Ճակատագրի պարտքը. Չեխիա – Հայաստան` 1:2
2013-09-07 02:14:49
Հայաստանի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու խաղերում «ցնցում» է ողջ Եվրոպան: Կոպենհագենում 4:0 հաշվով Դանիային ջախջախելուց հետո մեր տղաները Պրահայում հերոսական հաղթանակ տարան Չեխիայի ընտրանու նկատմամբ: Դժվար է հիշել, թե երբ էր մեր հավաքականը երկու անընդմեջ արտագնա հաղթանակ տոնել իր մրցակիցների նկատմամբ և այն էլ` ինչպիսի մրցակիցների:
Ամեն ինչ սկսվեց Մալթայի հետ անհաջող խաղից հետո: Այդ հանդիպումը չար կատակ խաղաց մեր հավաքականի հետ: Դժվար է բացատրել, թե ինչն էր երևանյան խաղում Մալթայից կրած պարտության պատճառը, սակայն այդ խաղից հետո մեր տղաները հավաքվեցին և կերպարանափոխվեցին: Դանիայի հետ հանդիպման խաղասկիզբը «սառը ցնցուղ» եղավ տանտերերի համար, որից հետո Հայաստանի հավաքականը ոգևորության ալիքի վրա խփեց նաև երկրորդ գոլը, երրորդը և չորրորդը` այդպիսով գործը հասցնելով ջախջախիչ պարտության:
Չեխիայի հետ խաղը այլ կերպ դարասավորվեց մեր ընտրանու համար: Չեխերը մեկնարկային սուլիչից հետո սկսեցին ճնշում գործադրել մեր դարպասի ուղղությամբ և մի քանի դեպքում մոտ էին հաշիվը բացելուն: Այդուհանդերձ, արժանին պետք է մատուցել մեր տղաներին, ովքեր անձնուրաց կերպով կարողացան ետ մղել դաշտի տերերի մեկնարկային գրոհները: Չնայած նրան, որ Հայաստանի հավաքականը մինչ 31-րդ րոպեն գրեթե ոչնչով աչքի չէր ընկնում առջևի գծում, այդուհանդերձ, Կառլեն Մկրտչյանի հարվածից հետո լուսատախտակի վրա հաշիվը փոխվեց: Հայ կիսապաշտպանը համաշխարհային մեծության աստղերին հարիր վարպետությամբ գնդակը հեռու տարածությունից «իջեցրեց» Չեխի պաշտպանած դարպասը:
Բաց թողած գոլը խառնեց չեխերի ծրագրերը և դրանից հետո տանտերերը երկար ժամանակ չէին կարողանում վտանգավոր պահեր ստեղծել Բերեզովսկու դարպասի մոտ: 67-րդ րոպեին ցավոք սրտի վնասվածք ստացավ մեր փորձառու դարպասապահը և փոխարինվեց: Դրանից մի քանի րոպե անց Հայաստանի հավաքականը ցավալի գոլ բաց թողեց: Գրեթե ոչնչից Տոմաշ Ռոսիցկին հավասարեցրեց հաշիվը: Չեխ փորձառու ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ Հարոյանի ոտքին և ապակողմնորոշելով Կասպարովին` հայտնվեց դարպասում: Խփած գնդակից հետո չեխերը արթնացան և խաղը տեղափոխեցին մեր տուգանային հրապարակ, որտեղ մի քանի դեպքում մոտ էին հաջողության հասնելուն, բայց ինչ-որ տեղ մեր ընտրանուն բախտը ժպտաց: Իսկ ահա հանդիպման հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ 2-րդ րոպեին տեղի ունեցավ անհավանականը: Ղազարյանն ու Մովսիսյանը կերտեցին Հայաստանի հավաքականի պատմական և հերոսական հաղթանակը: Մովսիսյանի փոխանցումից հետո Ղազարյանը հայտնվեց Չեխի առջև, սակայն անհաջող հարվածեց, բայց մի շարք անդրադարձերի արդյունքում գնդակը մի կերպ հայտնվեց դարպասում:
Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մեր հավաքականը գոլեր է բաց թողել վերջին րոպեներին և այդ գոլերը մեզ համար եղել են ճակատագրական: Թեկուզ հիշենք Եվրո 2012-ի ընտրական փուլի շրջանակում Մակեդոնիայի հետ կայացած չարաբաստիկ խաղը, երբ վերջին րոպեին 11 մետրանոց ստացանք մեր դարպասին և ձեռքներիցս բաց թողեցինք հաղթանակը, որը հետագայում ճակատագրական եղավ մեզ համար: Եվ ահա ճակատագիրը փոխհատուցում է մեզ և նման դժվարագույն խաղում վերադարձնում է պարտքը: Չեխիայի հավաքականի հետ խաղում մեր ընտրանին իրեն բացահայտեց նորովի և հաղթանակ տոնեց բարձրակարգ թիմերին հարիր ձևով: Հայաստանի ազգային հավաքականը նման խաղով միանշանակ մեծ շանսեր ունի հաջորդ տարի Բրազիլիա գնալու համար: Սակայն առջևում դեռ կարևորագույն խաղեր են սպասվում: Ուղիղ 3 օր անց Հրազադան մարզադաշտում ընդունելու ենք Դանիայի ընտրանուն: Համբերենք և հաջողություն մաղթենք մեր հավաքականին…
[bold]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/bold]
Նմանատիպ նյութեր
5200 դիտում
22:12 22-08-2016
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Չեխիա-Հայաստան և Դանիա-Հայաստան հանդիպումների համար
1351 դիտում
14:55 21-10-2014
Չեխիայի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան խմբի նախագահի նամակը Արտակ Զաքարյանին
Այս բաժնից
2818 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2341 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2638 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ