211652_close_icon
views-count22510 դիտում article-date 00:30 15-07-2013

Հայկական ակումբային ֆուտբոլի անմխիթար իրավիճակը և մեր ակումբների ելույթները եվրագավաթներում

Հայկական 4 ակումբներ ներգրավվեցին եվրագավաթներում: Առաջին որակավորման փուլի հանդիպումներից հետո Հայաստանը կորցրեց իր երկու ներկայացուցիչներին, իսկ երկուսը կշարունակեն իրենց պայքարը Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլերում: «Գանձասար»-ն ու «Միկա»-ն դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից, իսկ նույն մրցաշարում հանդես եկող «Փյունիկ»-ին հաջողվեց հաղթահարել առաջին որակավորման փուլի արգելքը: Ինչ վերաբերում է Հայաստանի չեմպիոն «Շիրակ»-ին, ապա գյումրեցիները երկակի տպավորություն թողեցին Սան Մարինոյի չեմպիոն` «Տրե Պենե» կիսասիրողական ակումբի հետ խաղերում: Գյումրիում 3:0 հաշվով հաղթելուց հետո` «Շիրակ»-ը համարձակվեց Սան Մարինոյում 0:1 հաշվով պարտություն կրել Եվրոպայի ամենաթույլ երկրի չեմպիոնից: Չնայած, որ «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը անցան հաջորդ փուլ, սակայն իրենց խաղով չտպավորեցին երկրպագուներին: Դե իսկ «Գանձասար»-ն ու «Միկա»-ն անփառունակ ելույթներ ունեցան և արժանիորեն դուրս մնացին հետագա պայքարից: «Գանձասար»-ը առանց որևէ շանսի տանուլ տվեց «Ակտոբե»-ի հետ խաղերում, իսկ «Միկա»-ն սեփական հարկի տակ մեծ առավելություն ունենալով «Ռուդար»-ի նկատմամբ, այդպես էլ չկարողացավ բազմաթիվ գոլային պահեր իրացնել և խաղավերջում գնդակ ընդունելով սեփական դարպասը` մնաց ձեռնունայն: Առաջին որակավորման փուլերում մեր թիմերի ելույթները տեսնելով կարելի է կրկին գալ այն եզրահանգման, որը դեռևս Հայաստանում ոչ մի աշխատանք չի տարվում ակումբային ֆուտբոլը ոտքի կանգնեցնելու համար: Ճիշտ է, «Շիրակ»-ին կարելի է մոտենալ որոշակի վերապահումով, քանի որ զգացվում է, որ Գյումրին ներկայացնող ակումբի սեփականատերերը որոշակի ջանքեր են գործադրում վերականգնելու Հայաստանի ամենաֆուտբոլային քաղաքներից մեկը ներկայացնող ակումբի լավագույն ավանդույթները, սակայն միայն լեգիոներներով թիմը համալրելով բան դուրս չի գա: Այս հարցին պետք է պետական մոտեցում և երկրում ֆուտբոլը զարգացնելու համար ՀՖՖ-ն պարտավոր է վերանայել իր դիրքորոշումները: Կայուն և ուժեղ հավաքական ունենալու համար նաև պետք է ունենալ համապատասխան մակարդակի ազգային առաջնություն: Նման անլուրջ վերաբերմունքը ակումբային ֆուտբոլի նկատմամբ ոչ մի կերպ չի կարող լավ անդրադառնալ մեր ֆուտբոլի ընդհանուր զարգացման վրա: Քանի որ թույլ առաջնություն ունեցող և ցածր խաղամակարդակով ակումբների ֆուտբոլիստներով չի կարելի ստեղծել ուժեղ հավաքականներ: Համարվում է, որ երկրում «Փյունիկ»-ը ունի ամենաուժեղ ֆուտբոլային դպրոցը և մեծամասամբ հենց երևանյան ակումբն է որակյալ և խոստումնալից ֆուտբոլիստներ մատակարարում հավաքականներին: Սակայն միայն «Փյունիկ»-ով չի կարող ֆուտբոլ զարգանալ: Պետք է միջավայր ստեղծել, որպեսզի ակումբների սեփականատերերը վստահորեն գումարներ ներդնեն, այս ուղղությամբ: Այդուհանդերձ պետք է նկատել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հայտնությունը, որը սկզբնական շրջանում բավականին լավ տպավորություն է թողնում և որ ամենակարևորը` փորձում է ստեղծել իր ֆուտբոլային դպրոցը` ինչը շատ ողջունելի է: Պետք է գործին ճիշտ մոտեցում ցուցաբերել և ակումբներին հրահանգել կամ օգնել ֆուտբոլային դպրոցներ ստեղծել ու հիմնականում շեշտը դնել երիտասարդ կադրերի վրա, այլ ոչ թե ցածր խաղամակարդակով լեգիոներների վրա, ովքեր իրենց ակումբներում ավելի մեծ գումարներ են վաստակում, քան նույն տեղացի խոստումնալից կադրերը և խաղամակարդակով չեն գերազանցում նրանց: Նման զարգացման մարտավարությունը մասսայական կերպով կիրառելու դեպքում կունանանք ավելի ուժեղ ակումբներ և համապատասխանաբար ավելի մրցունակ առաջնություն, որտեղ խաղալու ցանկություն կհայտնեն խաղամակարդակով ավելի բարձր լեգիոներները: Հայկական ակումբներից միայն «Փյունիկ»-ն է համապատասխանում այս դրույթներին: Եվրոպայի լիգայի խաղարկությունում երևանցիները հանդես են գալիս երիտասարդ կազմով և ամենագլխավորը տեղացի կադրերով: Եվ հենց ընթացիկ եվրագավթային առաքելության ընթացքում հայկական 4 ակումբներից համեմատաբար կարելի է միայն «Փյունիկ»-ի խաղն առանձնացնել, քանի որ Նազարյանի սաները լավ տպավորություն թողեցին մակեդոնական «Տետեքս»-ի հետ երկու խաղերում: Հավելենք, որ մեր ակումբային ֆուտբոլը գտնվում է խայտառակ իրավիճակում և եթե աչքի տակով անցկացնենք ՈւԵՖԱ-ի երկրների ակումբային վարկանիշային աղյուսակը, ապա ամեն ինչ պարզ կդառնա: 53 երկրների շարքում Հայաստանը այժմ զբաղեցնում է 49-րդ տեղը և միայն այս մրցաշրջանում «Փյունիկ»-ի ու «Շիրակ»-ի հաջող ելույթներից հետո Հայաստանը երկու հորիզոնականով բարելավեց իր ցուցանիշը: Հաջորդ փուլում «Շիրակ»-ը կմրցի Սերբիայի չեմպիոն «Պարտիզան»-ի հետ, իսկ «Փյունիկ»-ը ուժերը կչափի լիտվական «Ժալգրիս»-ի հետ: Իհարկե, հասկանալի է, որ մեր ակումբները դեռևս լուրջ մրցակիցներ չեն համարվում նույնիսկ այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են «Ժալգրիս»-ն ու «Պարտիզան»-ը, բայց հուսանք, որ եվրագավաթներում մեր երկու ակումբները կկարողանան, ևս մեկ ցատկ կատարել և նրաց հաջող ելույթները հետագայում լավ շարժառիթ կստեղծեն համապատասխան մարդկանց և ֆուտբոլային ակումբների ղեկավարների համար, որպեսզի վերջիններս լրջորեն մոտենան ակումբային ֆուտբոլի զարգացման հարցին: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր