211652_close_icon
views-count1830 դիտում article-date 11:15 13-12-2018

ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարը մասնակցել է Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Ուսումնագիտական կենտրոնը բաղկացած է գինեգործարանից և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն Գինու ակադեմիայի Միկրոգինեգործության ուսումնական կենտրոնից: Կենտրոններում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ պրակտիկ գիտելիքներ` ընդգրկվելով գինեգործական ամբողջ գործընթացի մեջ, իսկ դասախոսներն ու ոլորտի մասնագետները` զբաղվել հետազոտական աշխատանքներով: Իր բացման խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մասնավորապես նշել է, որ այսօր հանրապետությունում առկա է խաղողագործության և գինեգործության զարգացման զգալի ներուժ, և առաջիկայում երկրի ագրարային քաղաքականությունն ուղղված է լինելու այդ ներուժի արդյունավետ օգտագործմանը: «Միջազգային շուկայում մրցունակ, բարձրորակ գինիներով ներկայանալու համար հարկավոր է հիմնել գինեգործական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ խաղողի այգիներ: Կարևոր է նաև ժամանակակից գիտելիքներով զինված բարձրակարգ մասնագետների առկայությունը։ Այդ խնդրի լուծմանը մեծապես կարող է նպաստել նորաստեղծ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը: Համոզված եմ, որ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը նշանակալից դեր կունենա ոլորտում նոր հաջողությունների գրանցման հարցում», – ընդգծել է Գեղամ Գևորգյանը: Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանն իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողների, այլև գործատուների համար, քանի որ այստեղ ուսանողները կստանան այնպիսի կրթություն, որը կբավարարի ոլորտի պահանջները: «Սրանով մենք ազդակ ենք ուղարկում գործատուներին, որ այլևս Ագրարային համալսարանի գինեգործ շրջանավարտները տիրապետելու են իրենց ոլորտի բոլոր պրակտիկ և գործնական հմտություններին», – նշել է նա: Վարդան Ուռուտյանը նաև հավելել է, որ նախքան կենտրոնի ստեղծումը ուսումնասիրվել է արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների փորձը, որոնց արտադրամասերում ուսանողները ստանում են գործնական հմտություններ: ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում հատկապես գինեգործության ճյուղի զարգացման կարևորությունը. «Մեր հիմնական նպատակը արտադրական այս ճյուղը զարգացնելն է, այս ճյուղի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելը և կարծում եմ մենք ճիշտ ճանապարհին ենք»: ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար, գլխավոր գինեգործ Արտակ Գաբրիելյանի տեղեկացմամբ գործարանն այս տարի առաջին անգամ է շահագործվել և մթերվել է մոտ 30 տոննա խաղող: Նրա խոսքով` ուսանողները ոգևորված են և ակտիվորեն մասնակցում են գինեգործարանում իրականացվող գինու պաստրաստման ողջ գործընթացին: Բացման արարողությանը հետևել է կարճատև շրջայցը, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր