211652_close_icon
views-count3593 դիտում article-date 23:03 10-12-2018

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: Միջբուհական ուսանողական օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը փաստեց, որ առաջին անգամ այն կազմակերպվել է նախորդ տարի և նվիրված է եղել ՈԻԳԸ-ի հիմնադրման 70-ամյակին: «Ստանալով դրական շատ արձագանքներ՝ որոշեցինք միջոցառումը պարբերական դարձնել և ամեն տարի կազմակերպել՝ հնարավորություն տալով ուսանողներին մրցել և էլ ավելի ամրապնդել ստացած գիտելիքները»,- ասաց ՈՒԳԸ նախագահը: Ուսանողական օլիմպիադային այս տարի մասնակցում են ԵՊՀ-ի, Հայ-Ռուսական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի մեկական թիմեր, որոնք բաղկացած են հինգ ուսանողներից: Միջբուհական օլիմպիադան բաղկացած է մրցութային երեք օրերից: Առաջին օրը թիմերին տրվում են տեսական հարցեր, իսկ երկրորդ օրը թիմերը հանդես են գալիս զեկուցումներով, որոնց թեմաները տրվել են նախօրոք: Զեկուցումների ժամանակ մասնագիտական ժյուրին գնահատելու է ինչպես մատուցվող նյութի վերաբերյալ ուսանողների իմացությունը, այդպես էլ ներկայացնելու հմտությունները: Մրցութային առաջին և երկրորդ օրերին հավաքած միավորների արդյունքների հիման վրա՝ երեք թիմեր կմասնակցեն օլիմպիադայի վերջին փուլին, որտեղ ուսանողներն արդեն կկիրառեն գործնական հմտությունները՝ իրականացնելով քիմիական փորձեր: Օլիմպիադայի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոսներ Ռոբերտ Ադամյանը և Իսկուհի Ալեքսանյանը, որոնք կորոշեն օլիմպիադայի հաղթողներին: Բացի այդ՝ այս տարի սահմանվել են նաև անվանական մրցանակներ: Մասնավորապես՝ օլիմպիադայի ավարտին կպարգևատրվեն լավագույն ավագը և լավագույն զեկուցողը: Ի դեպ, այսօր՝ մրցութային առաջին փուլից առաջ, ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Օլեգ Քամալյանը՝ ներկայացնելով քիմիական տարրերի Մենդելեևի պարբերական համակարգի նոր խմբագրված տարբերակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր