211652_close_icon
views-count1467 դիտում article-date 19:53 18-11-2018

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում

Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հերոսամարտի 18 նահատակների հուշակոթողին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրուն: Ֆրանսիական հրամանատարական նավի տեսքով ձևավորված թանգարանային ցուցասրահում հյուրերին ներկայացվել են Մուսա լեռան հերոսամարտի փաստավավերագրական նմուշները և ինքնապաշտպանական մարտերի պատմությունը, իսկ երկրորդ հարկում դիտել են Մուսա լեռան համայնապատկերը՝ «Ժաննա դը Արկ» ռազմանավի օրինակով ստեղծված վիրտուալ տախտակամածից: Ֆրանսիացի հյուրերը կանգ են առել նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի մոտ, ուր փորագրված են մուսալեռցիների փրկությանը մասնակցած ֆրանսիացի նավաստիների անունները: Հուշահամալիրի տարածքում հյուրերը կանգ են առել նաև Արարայի ճակատամարտում նահատակված 23 հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որի տեղում Հայաստանում ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է կառուցել խաչքար-հուշարձան: Հուշահամալիր այցելության ավարտին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչների հետ: [b]Պատմական ակնարկ [/b] 1915թ. Մուսալեռի բնակիչները, անտեսելով հայերին ոչնչացնելու և հայաբնակ տարածքները լքելու երիտթուրքական ծրագիրը`53 օր շարունակ կատաղի դիմադրություն ցույց տվեցին թուրքական ջոկատներին` երեք անգամ հետ մղելով կանոնավոր բանակի հարձակումները: Մեծ կորուստներ կրած թուրքական բանակը, փոխելով մարտավարությունը, շրջապատեց լեռը: Ֆրանսիական ռազմական նավի նավաստիները, նկատելով «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն» գրառումով դրոշը` ողջ մնացած հայերին տեղափոխեցին Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգիստ: Այս նախաձեռնությանը գրեթե զուգահեռաբար միացան նաև բրիտանական նավերը`ընդհանուր առմամբ փրկելով 4200 մուսալեռցիների կյանք: Տեղահանված հայերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:

Նմանատիպ նյութեր