211652_close_icon
views-count4003 դիտում article-date 18:50 15-11-2018

Հայկական գյուղմթերքն ԱԱՀ-ից չի ազատվի, որ մրցունակ արտադրանք ունենալու ձգտումը չթուլանա

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն գյուղացին գյուղմթերքի իրացման դեպքում ազատված է ԱԱՀ վճարումից: Այսօր պարտադրվում է, որ առևտրային ցանցերը, որոնք ՀՀ-ում համարվում են տեղական գյուղմթերքների և մսամթերքների ամենամեծ սպառողները, այդ ապրանքները վաճառեն ԱԱՀ-ով, որը բերել է վերը նշված ապրանքների նվազագույնը 20-30 տոկոս թանկացմանը: Ստեղծված իրավիճակից ՀՀ ում աճել է Բելառուսից ու ՌԴ-ից մսամթերքի ներկրումը: Արդյունքում ստացվում է, որ մեր տեղական մսամթերքը վաճառվում է սուպերմարկետներում նվազագույնը 3.600-ից 3700 դրամով, իսկ բելառուսականը 2800-2900 դրամով: Նույն պատկերը տիրում է նաև հայկական միրգ բանջարեղենի շուկայում: Նախագծի հետ կապված Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այլ հավասար պայմաններում հարկային համակարգը նույնն է և եթե խախտում չկա, հարկերը չեն կարող ազդել գնի վրա: «Խնդիրն այն է, որ ներկրվող ապրանքի գինն ավելի ցածր է, որի պատճառն այն է, որ մեր գյուղատնտեսությունը բավարար չափով արտադրողական չէ և մրցունակ գներով չի կարողանում իրացում ապահովել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Ջանջուղազյանի խոսքով՝ եթե այս նախագիծն ընդունվի, իրենք դրանով կսուբսիդավորեն գյուղատնտեսությունն ու ավելի թույլ կլինի ձգտումն՝ ունենալ մրցունակ արտադրանք: Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Նմանատիպ նյութեր