211652_close_icon
views-count1798 դիտում article-date 18:53 06-11-2018

Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի): Դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ողջույնները: Նախագահ Սարգսյանը դեսպան Թիդեստրոմին մաղթել է արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու մասնագիտական կարողությունները կներդնի՝ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար: Նրա խոսքով՝ թեև հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ընդամենը 26 տարի առաջ, սակայն այդ երկրի և հայերի միջև պատմամշակութային առնչությունները գալիս են դեռևս դարերի խորքից: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է, և լուրջ նախադրյալներ կան տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման համար:

Նմանատիպ նյութեր