40178 դիտում
10:12 28-10-2018
Երևանում «Սարդ մարդը»՝ խոշոր ավտովթարի պատճառ. Honda-ով բախվել է հաստաբուն ծառին. Կանադայի 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Բաղդասարյանը իր վարած Honda մակնիշի 35 OR 558 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ի. Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Նրանցից 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ը, ովքեր Կանադայի քաղաքացիներ են, մնացել են բժիշկների հսկողության տակ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Դավիթ Նիկողոսյանի, տեսուչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել, իսկ վիրավորներն էլ զբոսաշրջիկներ են եղել և վերադառնում էին Կանադա:
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ երբ փրկարարները վարորդից հարցնում էին, թե արդյոք նա ունի վարորդական իրավունքի վկայական և ուզում էին պարզել նրա ինքնությունը, նա ասում էր, որ ինքը ավելի շատ հայտնի է «Սարդ մարդ» մականվամբ, սակայն հետո պարզվեց, որ երևի նկատի է ունեցել այն հանգամանքը, որ իր գլխին սարդ է դաջված:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+