211652_close_icon

Վրաերթ-վթար՝ Արագածոտնի մարզում. «Land Rover»-ը վրաերթի է ենթարկել Թալինի ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող մեքենային. ճանշինի աշխատակիցը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3595 դիտում article-date 14:00 09-02-2026
Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի վարչական տարածքում, ինչից հետո ժամանել են Արագածոտնի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկատվությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Արդյոք վրաերթի ենթարկվածը Թալինի ճանշինին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդն է, թե ուղևորը, դա նույնպես պարզվում է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, իսկ մի քանի քաղաքացիներ էլ հակառակն էին պնդում՝ ասելով, որ ճանապարհը եղել է անցանելի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր