211652_close_icon
views-count13595 դիտում article-date 11:34 13-10-2018

Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից. Ժիրայր Սեֆիլյանը դիմել է վարչապետին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից: Սեֆիլյանը նշում է, որ եթե վարչապետը նրանց այդպիսի հնարավորություն տա, ապա այդ քայլը էապես կամրապնդի ժողովրդի հավատն ու վստահությունը իրավունքի, արդարության և ապագայի հանդեպ, ինչը շատ կարևոր է ներկայիս զգայուն և փխրուն ժամանակներում: Սեֆիլյանի գրառման մեջ ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջը և եղբորը՝ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից: Մեր պետականությունը քայքայած և մեր ժողովրդին կեղեքած ռեժիմի մնացորդ դատավորը օրենքի տառի ձեռնածուական և երեսպաշտ մեկնաբանությամբ մերժեց նրանց այդ միանգամայն մարդկային իրավունքը: Մինչդեռ նրանց պաշտպանները փայլուն կերպով ապացուցեցին, թե տվյալ պարագայում ինչու և ինչպես պետք է իրավունքը լուծի մեռած օրենքի տառը: Դուք հեղափոխության առաջնորդն եք և ժողովրդից մանդատ եք ստացել երկրում վերահաստատելու իրավունքն ու արդարությունը: Մեր պետականության և ազգի ապագայի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ Դուք օգտագործեք Ձեր քաղաքական ազդեցության և անուղղակի կառավարման մյուս բոլոր լծակները, որպեսզի ռեժիմի մնացորդները չշարունակեն ամեն քայլափոխի օրենքի տառը վկայակոչելով ոտնահարել դրանք: Այս ոլորտում առկա ճգնաժամն հանգուցալուծելու ամենակարճ և արդյունավետ ձևը նախկին հանցավոր ռեժիմի և նրա կառավարած հակահայ ու հակամարդ համակարգի ամբողջական ու լիակատար իրավաքաղաքական գնահատականն է, որ մինչ օրս չի տրվել: Այդ գնահատականի օրգանական բաղադրիչը Սասնա Ծռերի հերոսական ապստամբության և մեր ժողովրդի զավակների այլ ընդվզումների իրավաչափության և խրախուսականության վերաբերյալ միանշանակ վերաբերմունքը պետք է լինի, որպեսզի դրանց մասնակիցները բռնապետական օրենքի տառին համապատասխան հետապնդվելու և ամբաստանվելու փոխարեն իրենց արժանի տեղն ու կարգավիճակն ստանան մեր հասարակության մեջ: Հարգելի պարոն վարչապետ, Իրենց ընկերոջ և եղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մարդկային իրավունքը կյանքի կոչելու Ձեր քայլը էապես կամրապնդի մեր ժողովրդի հավատն ու վստահությունը իրավունքի, արդարության և ապագայի հանդեպ, ինչը շատ կարևոր է ներկայիս զգայուն և փխրուն ժամանակներում»։

Նմանատիպ նյութեր