211652_close_icon
views-count5218 դիտում article-date 19:50 10-10-2018

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը իր 153-րդ թատերաշրջանը բացեց «Bye-Bye Լեդի» կատակերգությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 7-ին և 8-ին, իր 153-րդ թատերաշրջանը բացեց ըստ Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի «Bye-Bye Լեդի» կատակերգությամբ՝ հանդիսատեսին պարգևելով թատերային հրավառություն։ Ֆրանսերենի մանկավարժ, թոշակառու Ամադեի դերում հանդես եկավ Հրանտ Թոխատյանը, որն իր բեմելը նշանավորեց նաև իր 60-ամյա հոբելյանով։ Պիեսում շոշափվող թեման՝ ճանաչված պրոֆեսորի և անառակների անհասկանալի կապն է, որտեղ մեկ վայրկյանում պրոֆեսորի խաղաղ կյանքը գլխիվայր փոխում են «գիշերային թիթեռնիկները»։ Անհավանական դրությունների շղթան զարգանալով, տարիների փորձառություն ունեցող պրոֆեսորին դարձնում են Փարիզի ամենահայտնի կավատը, իսկ իր սրբավայր հիշեցնող բնակարանը՝ հասարակաց տուն։ Սակայն, փորձառություն ունեցող մանկավարժը կարողանում է ճանապարհի կեսից դարձի բերել կյանքի հատակը ընկղմված երիտասարդ աղջիկներին և փոխել նրանց կյանքի ընթացքը։ Ներկայացման մեջ կա և՛ ուրախություն, և՛ տխրություն, և՛ սեր, և՛ ինտրիգ։ Բեմադրող ռեժիսոր և թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի խոսքերով՝ Հրանտ Արամիչին Գյումրու դրամատիկական հրավիրելու ցանկությունը միշտ մեծ է եղել, իսկ տարին Հ.Թոխատյանի համար հոբելյանական է, քանի որ լրանում է իր ծննդյան 60-ամյակը։ «Իսկապես, ես ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է բեմ բարձրանալ Գյումրու թատրոնում, որտեղ մեծագույն վարպետներ են խաղացել»,-նշեց Հրանտ Թոխատյանը։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է նաև Ռոզի Ավետիսովան, որը նույնպես մեծ սիրով է ընդունել առաջարկը։ Այն ոգևորվածությունը, ստեղծագործական առողջ մթնոլորտը և հրավիրյալ արտիստների հետ համերաշխությունը՝ հավաստիքն են այն ճշմարտության, որ Գյումրու դրամատիկականն ձգտում է ամեն տարի նոր թատերաշրջանը բացել հետաքրքիր ու սպասված թատերական նախագծերով։ Թատրոնի ճեմասրահում նախքան ներկայացման սկսվելը, 153-րդ թատերաշրջանի բացման առիթով, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև տոնական հանդիսություն։ «Վստահ եմ, որ իմ համագործակցությունը Գյումրու թատրոնի հետ կլինի շարունակական ու երկարատև։ Այսօր, այն ինչ կատարվում է այս թատրոնում, դա մի մեծ քայլ է թատերական աշխարհում»,-հավելեց Հ.Թոխատյանը։ Եվս մեկ ներկայացում տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 19։00-ին Գյումրու դրամատիկական թատրոնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր