211652_close_icon
views-count2461 դիտում article-date 14:51 03-10-2018

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը համախմբեց լավագույն երգչախմբերին

Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային և այլ երգչախմբեր համատեղ համերգով հանդես եկան «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում: Հոկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: Համերգի մեկնարկին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին լեգենդ Շառլ Ազնավուրի հիշատակին՝ մեկ րոպե լռությամբ և ծափերով ճանապարհելով շանսոնյեին: Համերգի ընթացքում կոլեկտիվները կատարեցին Կոմիտասի, Պալեստրինայի, Պուլենկի, Բրամսի, Հովհաննիսյանի, Երկանյանի, Մանսուրյանի, Վարդազարյանի, Պետրոսյանի, Ահարոնյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը լրագրողների հետ զրույցում առանձնահատուկ շեշտեց, որ Կոմիտասը այնպիսի հարուստ ժառանգություն է թողել, հիմնված ազգային երաժշտության վրա, որը պետք է ամբողջ աշխարհը ճանաչի: Նրա խոսքով՝ Կոմիտասին պետք է մշտապես հանրահռչակել և այդ ուղղությամբ պետք է մշտապես աշխատել: «Կարծում եմ՝ մենք շատ քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ, այնինչ Կոմիտասի թողած ժառանգությամբ պետք է հիանա ողջ աշխարհը»,- ընդգծեց նա: Հավելենք նաև, որ «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին: «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անց է կացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտներ և գիտնականներ:

Նմանատիպ նյութեր