211652_close_icon
views-count4011 դիտում article-date 16:17 25-09-2018

ԱՄՆ Սենատի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահը բաց դաս է անցկացրել ՀՀ ազգային ժողովում

ԱՄՆ Հավայ նահանգի Սենատի անդամ, Սենատի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Դոնովան Դելա Քրուզը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Բյուջետային գրասենյակի աշխատակիցների համար սեպտեմբերի 25-ին անցկացրել է դասընթաց՝ բյուջետային գործընթացի վերաբերյալ: Սենատորը մանրամասնել է ԱՄՆ Հավայ նահանգի օրենսդիր եւ գործադիր մարմինների կառուցվածքն ու աշխատակարգը, նահանգային բյուջեի ձեւավորման, դրանում փոփոխություններ կատարելու եւ հաստատելու ընթացակարգերը: Նա տեղեկացրել է, որ նահանգի տարեկան բյուջեն մոտ 7,5 մլրդ ԱՄՆ դոլար է, որից մոտ 1 մլրդը հատկացվում է կապիտալ ծախսերին: Դոնովան Դելա Քրուզը պարզաբանել է, որ օրենսդրական նախաձեռնության իրավունքը Հավայում պատկանում է Սենատի անդամներին եւ հիմնականում օրենսդիրներն են որոշում, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն տվյալ բյուջետային տարում: Նա նաեւ տեղեկացրել է, որ ծրագրերը ֆինանսավորվում են մեկ, երբեմն՝ երկու տարով եւ շարունակվում են, եթե հաստատվում է դրանց արդյունավետությունը: ՀՀ ԱԺ Բյուջետային գրասենյակի ղեկավար Գագիկ Բարսեղյանը անդրադարձել է ՀՀ բյուջետային գործընթացին, նշել պետական բյուջեի կազմման, մշակման, քննարկման եւ հաստատման մեխանիզմները: Գրասենյակի ղեկավարը ներկայացրել է նաեւ բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ու վերահսկողության կարգերը: Սենատորի այցը Հայաստան կազմակերպվել է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կողմից:

Նմանատիպ նյութեր