211652_close_icon
views-count6327 դիտում article-date 22:23 08-08-2018

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը

ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում այսօր քննարկվել է 3 հարց. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգը, «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբական վարչության պետ Էմին Ավետիսյանը, ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, նշեց, որ ծրագրում առկա է ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետ, որոնցից 2018 թվականի 1-ին կիսամյակում կատարմանն ենթակա է 3 կետ` մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրության վարում, բժշկական գաղտնիքի կարգավորումներ, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրավական կարգավորումներ: Անդրադառնալով Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգի լրամշակման աշխատանքներին և կազմակերպվող հանրային քննարկումներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը նշեց հետաձգման պատճառները, և խորհրդի անդամներին առաջարկեց մասնակցել նոր կարգի մշակմանը, հաջորդ տարի ներդրումը սահուն իրականացնելու համար: ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդգծելով նպատակները, խնդիրները, հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: Կարևորելով ծխախոտի ծխից զերծ «առողջ» միջավայրում ապրելու յուրաքանչյուրի իրավունքը` հասարակական խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին նախորդ կառավարության և «ֆիլիպ Մորիսի» համագործակցության առնչությամբ: Միանալով նախարարության որդեգրած քաղաքականությանը` խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, որ դեմ է ծխախոտային որևէ արտադարտեսակի հովանավորչությանը, պատրաստակամ է քայլեր ձեռնարկել առողջ հասարակություն ձևավորելու ուղղությամբ: Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտներց գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:

Նմանատիպ նյութեր