211652_close_icon
views-count2772 դիտում article-date 19:41 03-08-2018

Արա Սաղաթելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։ Արա Սաղաթելյանը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի հետ արդյունավետորեն համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես ավելի լայն՝ Արևելյան գործընկերության, այնպես էլ զուտ տարածաշրջանային համագործակցության մակարդակներում: Այս համատեքստում Արա Սաղաթելյանը կարևորել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության ուժեղացման և տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում: Նշելով, որ վրացական կողմն ունի խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագիր՝ Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ առկա է ՀՀ ԱԺ աշխատակազմին ևս այդ ծրագրում ներգրավվելու պայմանավորվածություն: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար կարող է ուսանելի լինել խորհրդարանական գրադարանի ստեղծման, ինչպես նաև օրենսդրական վերահսկողության վրացական փորձը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանները Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի (ASGP) անդամ են և միջազգային մակարդակում կարող են հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ներկայացնելով ինչպես տարածաշրջանային կարևորություն ունեցող, այնպես էլ իրենց երկրների ու խորհրդարանների աշխատակազմերի առաջնահերթ խնդիրները: Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն նշել է, որ սեպտեմբերի 24-25-ը Վրաստանում կկայանա Արևելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համաժողով, որին կմասնակցի նաև Հայաստանը: Գիվի Միկանաձեի գնահատմամբ՝ միջոցառումը տարածաշրջանային մակարդակում գլխավոր քարտուղարների առավել սերտ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Այս համատեքստում վրացի գործընկերն Արա Սաղաթելյանին տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու է նաև Գերմանիայի Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալը: Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որտեղ կամփոփվեն տարածաշրջանային երկրների միջև առաջիկա համագործակցության կարևոր դիտարկումները: Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019 թվականին Քութայիսիում Արևելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների համար կկազմակերպվեն ամառային և ձմեռային վերապատրաստման դասընթացներ, որոնք կանցկացնեն գերմանացի մասնագետները: Նրա գնահատմամբ՝ դա թույլ կտա զարգացնել ու խորացնել փոխգործակցությունն աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջև և աշխուժացնել անմիջական շփումները: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների օրենսդիր մարմինների բյուջետային գրասենյակների միջև փոխգործակցության զարգացման կարևորությանը:

Նմանատիպ նյութեր