211652_close_icon
views-count9027 դիտում article-date 15:04 29-07-2018

Պետության կողմից երաշխավորված բուժօգնության հատկացումների գործիքը հասանելի է առցանց

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հատկացումների մասին առցանց գործիքն արդեն հասանելի է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում` «Պետական պատվեր, հերթագրում» [url=https://www.armed.am/govlimits/]դարանում[/url] : Առցանց գործիքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ծանոթանալ պետպատվերով փաստացի կատարված աշխատանքներին, առկա, հասանելի ֆինանսական միջոցներին և հերթագրումներին՝ ըստ բժշկական կազմակերպությունների և ծառայությունների խմբերի։ Անհրաժեշտություն չկա այցելելու կամ զանգահարելու բժշկական կազմակերպություններ` տեղեկանալու պետական պատվերով հնարավորություն կա ներկայումս կամ մոտ ապագայում բուժվելու կամ հերթագրվելու համար: Ծառայությունների խմբերն են՝ Անհետաձգելի բժշկական օգնությունը, Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնությունը, Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունները, ինչպես նաև ծննդօգնությունը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն։ Պետպատվերով հատկացումների առցանց գործիքը նպատակ ունի ապահովելու հերթագրման կարգի թափանցիկությունը, բժշկական կազմակերպություններում պետպատվերով առկա ֆինանսական միջոցների մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը, բացառելու պետպատվերի շրջանակներում բուժօգնության տրամադրման անհիմն մերժման դեպքերը։ Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի սպասարկումը բոլոր բժշկական կազմակերպություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Էլեկտրոնային առողջապահության [url=https://www.armed.am/am/auth/loginnew]համակարգը[/url] գործում է 2017 թվականի մայիսից: Այն միտված է արմատապես բարեփոխելու առողջապահության ոլորտը Հայաստանում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Նմանատիպ նյութեր