211652_close_icon
views-count4447 դիտում article-date 21:17 27-07-2018

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Նարեկ Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը թափանցում է հանրապետության գրեթե բոլոր ոլորտներ և իշխանությունների խնդիրն է ապահովել այդ գործընթացների սահուն և հանգիստ կազմակերպումը։ «Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների և առկա իրավիճակի միջև ու համատեղ ջանքերով հասնել համայքների տնտեսական և սոցիալական բարեկեցությանը»,-ասել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը և միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարևոր է մարզպետարանի, համայնքապետարանի և ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։ Նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ Նարեկ Ղահրամանյանը մեծ պատասխանատվությամբ ու պատվով կկատարի հանրապետության չորրորդ քաղաքի ղեկավարի իր պարտականությունները և ունակ կլինի պատշաճ կազմակերպել առաջիկայում սպասվող ընտրությունները։ Իր խոսքում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Կապանում առկա հիմնախնդիրներին և դրանց հնարավոր լուծման հեռանկարներին, կարևորել է այդ գործում մարզային և համայնքային կառուցների փոխհամաձայնեցված աշխատանքը։ Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ համագործակցության, ակտիվ աշխատանքի և կապանցիների գործուն աջակցության շնորհիվ հնարավոր կլինի երկրում արձանագրված դրական փոփոխություններն արագ հասցնել Կապան համայնք։

Նմանատիպ նյութեր