211652_close_icon
views-count1704 դիտում article-date 21:21 13-07-2018

Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ շարունակելու քաղաքական երկխոսության բարի ավանդույթը. Փաշինյանը՝ Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցու­թյամբ: Ուրախ եմ, որ Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ ծանոթանալու և շարունակելու մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղա­քա­կան երկխոսության բարի ավանդույթը, ինչպես նաև վերահաստատելու Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական հարուստ հենք ունեցող առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդմանը մեր համատեղ հանձնառությունը: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամար­տության՝ բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործըն­թացին: Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունն անկախությունից ի վեր Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու գործին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ ներառյալ Համապարփակ և ընդլայն­ված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Հավատացած եմ, որ հոկտեմբերին նախատեսվող Ձեր պետական այցը Հայաստան կարևոր հանգրվան կդառնա մեր երկրների միջպետական հարաբերություն­նե­րում՝ որակական նոր մակարդակ հաղորդելով նաև երկկողմ տնտեսական կապե­րին։ Անշուշտ, հայ-ֆրանսիական օրակարգին սերտորեն առնչվող մեկ այլ նշանակալի իրադարձություն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը մեր երկրում, որի ամենաբարձր մակարդակով անցկացումը մեզ համար առաջնահերթություն է։ Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, շարունակական առաջընթաց և բարօրություն»:

Նմանատիպ նյութեր