211652_close_icon
views-count2715 դիտում article-date 18:18 13-07-2018

Հանրային խորհուրդը քննարկել է Եղեգիս գետի հիդրոկայանների գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ քննարկելու Եղեգիս գետի շահառու ՓՀԷԿ-երի գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ հարցը քննարկման է դրվում «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հանրային խորհուրդ ուղղված դիմումի հիման վրա, որտեղ դիմումատուները բարձրացրել են Հայաստանում բիզնես ներդրողների (այս դեպքում՝ ՓՀԷԿ-երի) շահերի խաթարման, ջրօգտագործողների իրավունքների խախտման, Եղեգիս գետի ջրերն «ապօրինաբար սխալ բաշխելու» վերաբերյալ հարցեր: Հարցի քննարկմանը ներկա են գտնվել «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրենն ու իրավաբանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը, բարձրացնելով իրենց հուզող խնդիրները, նշել է, որ վերջին 10 տարիներին Եղեգիս գետի վրա գտնվող 14 հիդրոկայանները էներգետիկ ոլորտում կատարել են առնվազն 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, բայց այսօր գետի սակավաջրության պատճառով դրանցից 7-ը գտնվում են տնտեսական ծանր վիճակում և գնում են սնանկացման: Ստեղծված իրավիճակը Մելիքյանը բացատրել է արհեստածին և սուբյեկտիվ գործոններով՝ իբրև ջրերի անխնա, անկանոն և ինքնիրավչական գործունեության հետևանք: «Ավելի քան 5-6 տարի Եղեգիս գետի հունն ապօրինի շրջել են իր բնական հոսքից՝ առանց քննարկելու, տեղեկացնելու և հաշվի առնելու գետի շահառուների իրավունքները, շահերն ու խնդիրները, մինչդեռ հենց պետությունն է օրենքով նախատեսված կարգով տրամադրել այդ իրավունքները: Գետի հոսքն ուղղվել է դեպի Սևան, ինչը նաև օրենքով նախատեսված չէ»,-պարզաբանել է Մելիքյանը: Դիմումատուները բարձրացրել են նաև խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների հավանականությունը՝ ակնկալելով, որ դրանք կլուծվեն հանրային լայն քննարկումների, խնդիրների բարձրաձայնման, դրանց խորամուխ լինելու և օբյեկտիվ գնահատականներ հնչեցնելու արդյունքում: «Փաստորեն, ժամանակին պետությունը տրամադրել է ջրօգտագործման թույլտվություններ, գործունեություն ծավալելու լիցենզիաներ և համապատասխան այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տնտեսվարողները ներդրումներ են իրականացրել այդ ոլորտում, սակայն Եղեգիս գետի հունը փոխվել է և տարվել դեպի Սևան, արդյունքում հիդրոկայանները, չունենալով ջրի համապատասխան պաշարներ, սկսել են գործել անարդյունավետ կամ ընդհանրապես դադարել են գործել»,-ասել է Մելիքյանը: Պատկան մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ 2019 թվականի ապրիլից Եղեգիս գետն ամբողջությամբ կտրվելու է իր բնական հոսքից և ուղղվելու է դեպի Արփա-Սևան թունել: Հիդրոկայանների շահերը պաշտպանող կազմակերպության տնօրենը պնդել է, որ այս պահին դրա համար իրավական հիմքեր չկան, իսկ եթե պետությունը Եղեգիսը Սևանա լիճ լցնելու մտադրություն ունի, պետք է հաշվի առնի նաև հիդրոկայաններին տված իրավունքները և փոխհատուցի դրանց կրած վնասները: Ամփոփելով քննարկումը՝ որոշվել է, որ Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ կառավարություն՝ ներկայացնելով նիստի արդյունքները և հորդորելով կառավարությանը խնդրի լուծման ժամանակ կազմակերպվել քննարկումներ հիդրոկայանների սեփականատերերի հետ և հաշվի առնել նրանց իրավունքներն ու դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր