211652_close_icon
views-count6014 դիտում article-date 21:45 06-07-2018

Երևանի հեռուստաաշտարակը կներկվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունում հուլիսի 7-ին տեղի ունեցավ Երևանի հեռուստաաշտարակի հակակոռոզյան շերտի վերականգնման և ներկման աշխատանքների համար հունիսի 20-ին հայտարարված բաց մրցույթի ամփոփումը։ Մրցութային հանձնաժողովի քարտուղար Մարինա Նիկոլյանը նշեց, որ մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ընկերություններ՝ «ՄոնտաժՏրանսՇին», «Պրոթերմ» և «Դավիթ էներջի» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 69մլն 282 հազար173, 68մլն 160 հազար և 64 մլն 800 հազար դրամ գնային առաջարկներով։ Նույն օրը տեղի ունեցավ նաև տեխհսկողության մրցույթի գնահատման նիստը։ Այս մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երկու կազմակերպություններ՝ «Նյու ինդաստրիզ» և «Գրիտիգ» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 320 հազար և 1 մլն 370 հազար դրամ գնային առաջարկներով։ Մրցութային հանձնաժողովը, որի կազմում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկացրեց, որ բաց մրցույթների ընթացակարգերին համապատասխան՝ հաղթող է ճանաչվում նվազագույն գին առաջարկած ընկերությունը, եթե այն համապատասխանում է նաև որակավորման չափանիշներին։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացնելու խիստ պահանջներ են ներկայացված։ Ներկող մասնագետները պետք է ունենան բարձրության վրա աշխատելու հմտություններ, ինչպես նաև ներկայացնեն առողջության մասին տեղեկանք: Հայտերը քննարկելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովը կորոշի հաղթողին։ 308մ բարձրությամբ աշտարակի ներկման աշխատանքները կկատարվեն բարձր ճնշման սարքավորումներով։ Այն կներկվի կարմիր և սպիտակ գույների բարձր դիմացկունություն ունեցող բարձրակարգ ներկերով։ Աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի սկզբին և ավարտել սեպտեմբերի վերջին: Վերջին անգամ Երևանի հեռուստաաշտարակի վրա նմանատիպ աշխատանքներ կատարվել են 2005 թվականին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր