211652_close_icon
views-count1482 դիտում article-date 13:40 06-07-2018

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում հուլիսի 5-ին մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքներին: Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում` նշելով. «Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության եւ համերաշխության արժեքները: Մենք սատարում ենք Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը, երիտասարդության դերի բարձրացմանը: Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի մեծանում է: 2016թ. մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է: 6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18-ը կին են, ովքեր ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին: Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը կին է, ով նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը: Ընտրական օրենսգրքով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռնվել ներկայացված լինել Ազգային ժողովում: 6-րդ գումարման խորհրդարանում մանդատ են ստացել ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը վարել է քրդական համայնքի ներկայացուցիչը: Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է հայ երիտասարդների համար: Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը եւ նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել եւ աջակցել նրանց նախաձեռնություններին: 2016թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հիմնադրվել է խորհրդարանին կից գործող Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը: Ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու համար մեր երկիրը մշտապես երիտասարդներին մասնակից է դարձրել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների կայացմանը, ինչի վառ ապացուցն է 2004թ-ին ձեւավորված Երիտասարդական խորհրդարանը»: Պատվիրակությունը մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների եւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների համատեղ աշխատանքային հանդիպմանը: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր