211652_close_icon
views-count3794 դիտում article-date 22:12 03-07-2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել մարզպետներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը: Ողջունելով մարզպետներին, նա խնդրել է անմիջական կապ պահել մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված և համահունչ լուծումներ տալու նպատակով։ Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական վարչությունից, նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին նախքան կադրային փոփոխություններ անելը համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավումը։ Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների բյուջեներում «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածով պարտքերի առաջացման, 3000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներում համացանցային կայքերի գործարկմանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի արդյունքներին՝ Սուրեն Պապիկյանը ընդգծել է դրանք գործնական դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը և հորդորել օգտվել մարզի զարգացմանը, գործընկերային նոր կապերի հաստատմանը նպաստող ցանկացած հնարավորությունից։ Խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու, քաղաքացիների համար հանգստի հանրային տարածքների հասանելիությունը ապահովելու, սուբվենցիայի ծրագրերի ընթացքի նկատմամբ հետևողական լինելու, անդրսահմանային ու միջռեգիոնալ համագործակցությունը խորացնելու և այլ հարցերի ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր