211652_close_icon
views-count7900 դիտում article-date 20:19 27-06-2018

ԱԱ-2018. Հրաշքները շարունակվում են. կորեացիները մրցաշարից դուրս թողեցին Գերմանիային. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության ամեն խաղից հետո պարտադիր է նշել, որ սա մի հրաշք առաջնություն է: Յուրաքանչյուր հանդիպումը ասես եզրափակիչ լինի, պայքարը ընթանում է մինչև վերջին վայրկյանը՝ անկախատեսելի վերջաբաններով: Հիմա ո՞վ կպատկերացներ, թե ինչպես կավարտվեն F խմբի խաղերը: Որ Շվեդիան 3:0 հաշվով կհաղթի Մեքսիկայի, ու խաղից հետո մեքսիկացիները ավելի շատ կուրախանան, քան՝ շվեդները: Որ Հարավային Կորեան ֆուտբոլի պատմության ամենամեծ անակնկալներից մեկի հեղինակ կդառնա, իր համար գործնականում ոչինչ չորոշող խաղում հաղթելով աշխարհի չեմպիոններին՝ Գերմանիայի հավաքականին: Սա ֆանտաստիկա է. կորեացիները ամբողջ խաղը անձնուրաց պաշտպանվում էին, բայց նաև սուր հակագրոհներ էին կազմակերպում, ընդհանրապես մրցակցի հեղինակություն նրանց չէր ճնշում: Գերմանացիները խաղի վերջում արդեն 11 հոգով էին հարձակվում, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը. ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Կիմ Յոն Գվոնը բացեց խաղի հաշիվը: Դա նշանակում էր, որ Գերմանիան մնացած ժամանակում պետք է երկու գոլ խփեր: Ու այստեղ էլ գերմանացիների դարպասապահ Մանուել Նոյերը հարձակվողի դիրքում կորցրեց գնդակը, կորեացիները այն ուղարկեցին դեպի գերմանացիների դարպասը, իսկ այնտեղ գնդակը դատարկ դարպասն ուղարկեց «Տոտենհեմի» հարձակվող Սո Հին Մինը՝ 2:0: Հարավային Կորեայի հաղթանակի շնորհիվ Մեքսիկայի հավաքականը խմբում գրավեց 2-րդ տեղը: 1-ին տեղ գրավեցին շվեդները, իսկ ահա Գերմանիայի հավաքականը դարձավ խմբի ետնապահը՝ ընդամենը 4-րդ տեղը: Միանգամից նշենք, որ գերմանացիները առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության մեջ չկարողացան դուրս գալ խմբային փուլից: Իսկ Յոահիմ Լյովին դեռ երկար կհիշեցնեն, որ նա հավաքականում չընդգրկեց Լերոյ Սանեին: Դե ինչ, առաջնությունը մեզ պարգևեց հերթական խելահեղ խաղային օրը: Վստահաբար, մեզ դեռ նոր հուզումնալից պահեր են սպասվում: [b]ԱԱ-2018, խմբային փուլ, 3-րդ տուր, F խումբ [/b] Հարավային Կորեա – Գերմանիա՝ 2:0 Գվոն, 90+4, Սոն Հին Մին, 90+6 Մեքսիկա-Շվեդիա՝ 0:3 Աուգուստինսոն, 50, Գրանկվիստ, 62, Ալվարես, 74 (ինքնագոլ)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր