211652_close_icon
views-count2485 դիտում article-date 18:12 21-06-2018

Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը

Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը: «[url=https://armenpress.am/arm/news/938418.html]Արմենպրես[/url]»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից: «Տնօրենի փոփոխությունը պետք է դիտարկել համակարգային բարեփոխումների շրջանակում: Այդպիսի փոփոխություններ շարունակվելու են նաև այլ բուժհաստատություններում: Փոփոխությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան կերպով»,-հիմնավորեցին նախարարությունից: Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արյունաբանական կենտրոնի աշխատակիցները հավաքվել և նոր տնօրեն են նշանակել արյունաբան Երվանդ Հակոբյանին: «Արմենպրես»-ն այս առթիվ զրուցեց նաև կենտրոնի փոխտնօրեն Նատա Մելքիկյանի հետ: «Դա նշանակում չի եղել, այլ պարզապես քննարկում, ցանկություն՝ նշանակելու Երվանդ Հակոբյանին: Քննարկումը եղել է շատ փոքր շրջանակով, որը չի արտահայտել ողջ անձնակազմի տեսակետը: Անցկացվել է քվեարկություն, որը կարծում եմ՝ սխալ էր: Ես ասացի՝ եթե նույնիսկ քվեարկություն է լինում, ապա գոնե ողջ անձնակազմը պետք է քվեարկի: Դա օբյեկտիվ չի եղել»,-ասաց փոխտնօրենն ու հավելեց, որ նման քննարկումը եղել է նախքան նոր տնօրենի՝ Սամվել Դանիելյանի նշանակման մասին իմանալը: Մելքիկյանը նշեց՝ Սամվել Դանիելյանի հետ ընդհանուր լեզու են գտել, և ամեն հարց լուծված է: Նույն կենտրոնի աշխատակից, արյունաբան Անահիտ Զախարյանը նշեց՝ ինքը նախկինում երկար տարիներ աշխատել է Սամվել Դանիելյանի հետ, նրա նշանակվելուն դեմ կամ կողմ լինելու հիմքեր չունի: «Ինչու՞ պիտի դեմ լինեմ մի մարդու նշանակմանը, ում հետ կողք կողքի աշխատել եմ երկար տարիներ և շատ եմ հարգել նրան»,-եզրափակեց նա: Քանի որ Սամվել Դանիելյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հետևաբար առաջիկայում սահմանված կարգով կանցկացվի տնօրենի ընտրության մրցույթ: Ցանկացած նոր տնօրեն ընտրվում է մրցույթով՝ ՀՀ կառավարության սահմանած ընթացակարգով: Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենն էր Սմբատ Դաղբաշյանը: Նա կենտրոնը ղեկավարում էր 2001 թվականից:

Նմանատիպ նյութեր