211652_close_icon
views-count2664 դիտում article-date 23:36 18-06-2018

ՀՀ-ում արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աննախադեպ ձեռք­բերում` վերադարձ խտացման փուլից նախնականին. ԱՆ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի կանխարգելման, բուժման, ծառայությունների որակի բարձրացման քայլերն են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանայի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ փորձ է կուտակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման, իրավիճակը վերահսկելի պահելու առումով՝ տարածաշրջանի երկրների շարքում զբաղեցնելով առաջատար դիրքեր: Վերահսկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման տեսանկյունից դոնորական արյան անվտանգությունը, ինչի արդյունքում 2001թ.-ից սկսած հանրապետությունում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք: ՀՀ-ում արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աննախադեպ ձեռք­բերում` համաճարակի ոչ միայն կասեցում, այլև վերադարձ խտացման փուլից նախնականին: Ներկայումս ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն ցածր է 1%-ից: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման առումով եւս բարձր արդյունքներ են գրանցվել: Միաժամանակ, Վինեյ Սալդանան նկատել է, որ Հայաստանում գրանցվող նոր դեպքերը բերվում են աշխատանքային միգրանտների կողմից, մասնավորապես, ՌԴ-ից, ուստի առկա ռիսկերը նվազեցնելու քաղաքականությունը պետք է տարածվի նաեւ երկրից դուրս: ՌԴ օգնության ծրագրի շրջանակում ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի` միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում իրականացվում է միացյալ ծրագիր, տրամադրվել են ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ: Այս առումով քննարկվել է նաեւ Ռուսաստանի հետ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ իրազեկման, տարածման կանխմանն ուղղված եւ այդ ուղղությամբ այլ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու հարցը: ՄԱՁԻԱՀ-ի աջակցությամբ մշակվել և 2017թ. ՀՀ կառավարության հավանությունն է ստացել չորրորդ՝ «Հայաստանի Հանրապետությունում ՀՀ-ում 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագիրը», որի շրջանակներում եւ ընթանում է գործակցությունը: Արսեն Թորոսյանը կարեւորել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի արդյունքներն ու դրանից սպասելիքները: Երկուստեք շեշտվել է փոխշահավետ համագործակցությունը շարունակելու, ամրապնդելու հարցը:

Նմանատիպ նյութեր