211652_close_icon
views-count6534 դիտում article-date 23:31 30-05-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի քննարկել ենք նաև ղարաբաղյան հարցը: Շատ կարևոր է եղել ընդգծելը, որ հարցի խաղաղ կարգավորումը խնդրի լուծման միակ ճանապարհն է: Այստեղ չկա որևէ ուժային լուծման տարբերակ: Դա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դիրքորոշումն է: Բարձրացրել եմ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Կարծում եմ, որ մենք կառուցողական քննարկում ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ բարեկամական է տրամադրված ինչպես ՌԴ նախագահ Պուտինի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների նկատմամբ: «Հայաստանը խաղաղ երկիր է, հայ ազգը խաղաղասեր է: Միևնույն ժամանակ մենք ելնում ենք մեր երկրի շահերից: Մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կդառնան ավելի խորը»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում են ու պատրաստակամ են զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը: Խոսելով Սոչիում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնտեղ դրական մթնոլորտ կար: «Կարծում եմ, որ այս փուլում ձևավորվեցին շատ լավ անձնական հարաբերություններ: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները շատ ավելի լավն են դառնալու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը մանրամասնել է, որ Պուտինի հետո խոսել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմանի համագործակցության վերաբերյալ հարցերի մասին:

Նմանատիպ նյութեր