211652_close_icon
views-count5009 դիտում article-date 21:16 29-05-2018

Հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային ծրագիրը նվիրված կլինի Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցներում, բակերում, զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, բարեկարգման, տեղադրված գույքի վերանորոգման և անհրաժեշտության դեպքում նորերով փոխարինելու աշխատանքները։ Քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրով ընթանում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգումն ու ներկումը։ Քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի վարչության պետերին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը իրականացվող բոլոր աշխատանքների ուղղությամբ՝ հետևելով դրանց որակին: Հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային ծրագրի վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր կազմակերպչական աշխատանքներն ավարտված են, քաղաքացիներին էլ արդեն բաժանվում են ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական բուկլետները: Նշվել է, որ այս տարի շուրջ 50 միջոցառումներից բաղկացած եռամսյա ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Նաև զեկուցվել է, որ պատրաստ է հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքում նախատեսված տոնական միջոցառումների ծրագիրը: Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը հանձնարարել է նախապատրաստվել մայրաքաղաքում սեզոնային գյուղատնտեսական մթերքների շուկաների վերաբացմանը:

Նմանատիպ նյութեր