211652_close_icon
views-count6258 դիտում article-date 22:59 26-05-2018

Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում) մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նարեկ Հախնազարյանի ելույթը խաչատրյանական մրցույթի բացման համերգին խորհրդանշական է. այսօր արդեն մեծ բեմեր նվաճած երաժիշտը 2006 թվականին՝ 18 տարեկանում, նվաճել է Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին մրցանակը։ Հետագայում Նարեկ Հախնազարյանը դարձել է Չայկովսկու անվան և այլ մրցույթների դափնեկիր։ Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել երաժշտության բնագավառում տաղանդավոր երիտասարդների։ Եվ 2003 թվականից սկսած՝ մրցույթը, հավատարիմ իր սկզբունքներին, երաժշտական աշխարհին է նվիրել այժմ արդեն հայտնի կատարողների՝ Ֆյոդր Ռուդին, Միրա Վոպոտիչ, Անդրեյ Իոնիցա, Յարոսլավ Նադրժիցկի և այլք։ Միաժամանակ մրցույթն աշխարհով մեկ հանրահռչակում է Արամ Խաչատրյանի արվեստը, Հայաստանն ու հայկական մշակույթը։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մասնակիցները, երաժշտական այս ստուգատեսի շրջանակներում, սովորելով Խաչատրյանի գործերը, հետագայում դրանք ներկայացնում են տարբեր բեմերում, տարբեր նվագախմբերի նվագակցությամբ։ Խաչատրյանի մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Նմանատիպ նյութեր